Տիկնիզյանն օգնեց «Ցրվենա Զվեզդային» Սերբիայի առաջնությունում հաղթել «Վոյվոդինային»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը մասնակցել է Սերբիայի Սուպերլիգայի երկրորդ տուրի հանդիպմանը, որում երկրի գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» հաղթել է փոխչեմպիոն «Վոյվոդինային»։
Տիկնիզյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և ձախ պաշտպանի դիրքում անցկացրել ամբողջ հանդիպումը։ Հայ ֆուտբոլիստը կատարել է չորս առանցքային փոխանցում և ստեղծել մեկ գոլային պահ։ Նրա փոխանցումների ճշգրտությունը կազմել է 80 տոկոս՝ 43 ճշգրիտ փոխանցում։
Նաիրն ակտիվորեն միացել է գրոհներին և գնդակով կատարել 24 առաջխաղացում, սակայն 15 անգամ կորցրել է գնդակի տիրապետումը։ Պաշտպանությունում Տիկնիզյանը հաղթել է հինգ մենապայքարից երկուսում, կատարել մեկ խլում, երկու հեռացում և մեկ ընդհատում, ինչպես նաև յոթ անգամ վերադարձրել է գնդակն իր թիմին։ SofaScore վիճակագրական հարթակը նրա խաղը գնահատել է 7,0 միավոր։
Հաղթողների կազմում գոլերի հեղինակ են դարձել Օսման Բուկարին, Վասիլիե Կոստովը և Դմիտրիե Շարիչը։ «Վոյվոդինայի» միակ գոլը խփել է Նարդին Մուլահուսեյնովիչը, որին այս ամռանը հայկական «Նոայից» ձեռք էին բերել 700 հազար եվրոյով։
Հաջորդ հանդիպումը «Ցրվենա Զվեզդան» կանցկացնի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում՝ Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող «Լարնի» դեմ։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է սերբական ակումբի վստահ հաղթանակով՝ 4։0 հաշվով։