SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Տուլիպան՝ «Ցելյեի» դեմ խաղից առաջ․ «Ամեն ինչ կանենք Չեմպիոնների լիգա դուրս գալու համար»


Տուլիպան՝ «Ցելյեի» դեմ խաղից առաջ․ «Ամեն ինչ կանենք Չեմպիոնների լիգա դուրս գալու համար»
Ֆուտբոլ

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան կիսվել է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի՝ սլովենական «Ցելյեի» դեմ առաջին հանդիպումից ունեցած ակնկալիքներով։

Հանդիպումը կկայանա օգոստոսի 4-ին Երևանում։ Նախորդ փուլերում հայկական ակումբը հաղթահարել է «Ռիգայի» և «Շեմրոկ Ռովերսի» արգելքները։ «Ցելյեն» պայքարը սկսել է երկրորդ փուլից, որտեղ լարված դիմակայությունում առավելության է հասել ալբանական «Էգնատիայի» նկատմամբ։ Երկու հանդիպումներն էլ ավարտվել են ոչ-ոքի՝ 3։3 և 2։2 հաշիվներով, իսկ հաղթողը որոշվել է 11-մետրանոց հարվածաշարում։

Խաղից առաջ Մանուել Տուլիպան խոսել է թիմի կադրային իրավիճակի մասին, գնահատել մրցակցի ուժեղ կողմերը և հայտարարել, որ «Արարատ-Արմենիան» շարունակում է երազել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ դուրս գալու մասին։

Մանուել Տուլիպայի մամուլի ասուլիսը՝ «Ցելյեի» դեմ խաղից առաջ

— «Շեմրոկ Ռովերսի» դեմ պատասխան խաղում դուք աջ պաշտպանի դիրքում փոխարինող էիք փնտրում վնասվածք ստացած Կամո Հովհաննիսյանի համար։ Սկզբում այնտեղ խաղում էր Ուգո Օլիվեյրան, սակայն հետո նրան տեղափոխեցիք կիսապաշտպանություն, իսկ պաշտպանության աջ եզրում խաղաց Խուլիո Բուենոն։ Այդ դեպքում թիմը կենտրոնական պաշտպան է կորցնում։ Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այդ խնդիրը։

— Մենք մշտապես լուծումներ ենք փնտրում այն դիրքերի համար, որտեղ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ ունենք։ Խնդիրները սկսվեցին Բալանտայի վնասվածքից հետո, իսկ այնուհետև վնասվածք ստացավ նաև Համբարձումյանը։ Արդյունքում Ուգո Օլիվեյրային օգտագործեցինք կիսապաշտպանությունում։

Դուք իրավացի եք․ Խուլիո Բուենոն ավելի լավ է խաղում պաշտպանության կենտրոնում, սակայն եզրում էլ վստահ է գործում։ Իհարկե, նա չի կարող այդքան հաճախ միանալ գրոհներին, բայց շատ լավ է կատարում պաշտպանական պարտականությունները։

Կտեսնենք, թե ինչ որոշում կընդունենք առաջիկա խաղում։ Հնարավոր է՝ կիսապաշտպանության մեկնարկային կազմում հայտնվի Միշել Այվազյանը, որը նախորդ խաղում շատ լավ մտավ փոխարինման։ Մենք մի քանի տարբերակ ունենք։

— Այժմ թիմը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ դուրս գալու իրական հնարավորություն ունի։ Դրա պատճառով փոխվե՞լ է ֆուտբոլիստների մոտեցումը։

— Մենք արդեն հասել ենք մեր նպատակներից մեկին, քանի որ ապահովել ենք մեր մասնակցությունը եվրագավաթների աշնանային հատվածում։ Սակայն առաջիկա հանդիպումներում պետք է ցույց տանք այն ամենը, ինչին ընդունակ ենք։

Մեր մրցակիցը շատ ուժեղ է, նրա կազմում բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ կան։ Սակայն «Ցելյեի» նկատմամբ մեր հարգանքը չի նշանակում, որ պատրաստ ենք հրաժարվել մեր երազանքից։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ դուրս գալու համար։

— Հայաստանի առաջնությունն արդեն մեկնարկել է։ Դա ինչպե՞ս կարող է ազդել եվրագավաթներում «Արարատ-Արմենիայի» ելույթների վրա՝ դրակա՞ն, թե՞ բացասական։ Չէ՞ որ այժմ թիմն ավելի քիչ ժամանակ կունենա նախապատրաստվելու համար։

— Սա խնդիր է, բայց լավ խնդիր։ Դժվարությունները լինում են լավ և վատ, իսկ սա լավագույններից մեկն է։

Մենք պատասխանատվություն ենք կրում մեր երկիրը ներկայացնելու համար, և առաջնությունում լավ ելույթ ունենալը նույնպես այդ պատասխանատվության մի մասն է։ Սակայն հանդիպումներին նախապատրաստվելու համար իսկապես քիչ ժամանակ ենք ունենալու։

Մեզ համար դժվար կլինի վնասվածքների և թիմի վերակազմավորման տեսանկյունից, քանի որ վնասվածքներ կարող են ստանալ տարբեր դիրքերում հանդես եկող տարբեր ֆուտբոլիստներ։

— Ի՞նչ կարող եք ասել առաջիկա մրցակցի մասին։ Ի՞նչ թիմ է «Ցելյեն», և ինչո՞վ է այն տարբերվում Իռլանդիայի ու Լատվիայի չեմպիոններից, որոնց արդեն հաղթահարել եք։

— Մեզ հետաքրքիր դիմակայություն է սպասվում։ Հատկապես ինձ համար, քանի որ «Ցելյեի» գլխավոր մարզիչը նույնպես պորտուգալացի է։

Սա բարդ մրցակից է, բայց մենք կփորձենք օգտվել նրա թույլ կողմերից։ Իհարկե, «Ցելյեի» ֆուտբոլիստներն էլ կփորձեն նույնն անել։

Առաջիկա դիմակայությունում մեզ համար շատ կարևոր է համեստ մնալ և երկու փուլը հաջողությամբ հաղթահարելուց հետո իրատեսորեն գնահատել իրավիճակը։ Մենք պետք է խուսափենք այն սխալներից, որոնք թույլ ենք տվել առաջին և երկրորդ փուլերի պատասխան հանդիպումներում, և ցուցադրենք կայուն ու վստահ խաղ։

— Ո՞ր մրցակիցն է ձեզ համար ավելի հարմար՝ «Շեմրոկ Ռովե՞րսը», թե՞ «Ցելյեն»։

— «Շեմրոկ Ռովերսն» ավելի ուղղահայաց և արագ խաղ ցուցադրող թիմ է։ Իռլանդացիները սիրում են օգտագործել եզրերը և հատկապես հաճախ էին գրոհում մեր ձախ թևով՝ այնտեղ մեծ վտանգ ստեղծելով։

Ինչ վերաբերում է «Ցելյեին», ապա այդ թիմի կազմում կան մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք հանդես են եկել իրենց ազգային հավաքականներում։ Կարծում եմ՝ «Ցելյեն» ավելի վարպետ թիմ է և խաղային ավելի բարձր մակարդակ ունի։

— Վնասվածք ունեցող ֆուտբոլիստների վերաբերյալ նոր տեղեկություն կա՞։ Ե՞րբ նրանք կկարողանան վերադառնալ շարք։

— Կամո Հովհաննիսյանն ու Արմեն Համբարձումյանը դեռ պատրաստ չեն խաղալու, սակայն անում են հնարավոր ամեն ինչ՝ որքան հնարավոր է շուտ վերադառնալու համար։ Խուան Բալանտան արդեն վերականգնման վերջին փուլում է։

Հայտնի են դարձել եվրագավաթների չորրորդ փուլում հայկական ակումբների հնարավոր մրցակիցները


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։