Կապանում նախատեսվում է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից մարզական համալիր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կապանում կարող է կառուցվել միջազգային չափանիշներին համապատասխանող նոր մարզական համալիր։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քաղաքացիներին, մասնագետներին և շահագրգիռ կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու ծրագրի վերաբերյալ հանրային լսումներին։
Որոշման նախագծի համաձայն՝ Սյունիքի մարզի Կապան համայնքում գտնվող գործող ֆուտբոլային մարզադաշտի տարածքն առաջարկվում է ճանաչել հանրային գերակա շահ։ Դա հնարավորություն կտա տվյալ տարածքում իրականացնել խոշոր ենթակառուցվածքային ծրագիր՝ կառուցելով ժամանակակից ֆուտբոլային մարզադաշտ և անհրաժեշտ մարզական ենթակառուցվածքներ։
Հանրային լսումները կանցկացվեն 2026 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքում՝ Երևան, Վազգեն Սարգսյան փողոց 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ հասցեում։
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 9-ը՝ ժամը 17:00-ն, մասնակցությունը հաստատող նամակ ուղարկել harutyun.eghoyan@escs.am էլեկտրոնային հասցեին։ Նամակում պետք է նշել մասնակցի անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը։
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ՝ զանգահարելով +374 10 59 96 99 հեռախոսահամարով՝ ներքին 635։
Գրանցված մասնակիցներին խնդրում են օգոստոսի 10-ին ներկայանալ հանրային լսումների անցկացման վայր ժամը 13:50-ին և իրենց հետ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Կապանում ժամանակակից ֆուտբոլային մարզադաշտի և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը տարածաշրջանի համար արդիական խնդիր է։ Ակնկալվում է, որ նոր համալիրը կնպաստի Սյունիքի մարզում մանկապատանեկան, սիրողական և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացմանը։
Նոր մարզական կառույցը հնարավորություն կտա կազմակերպել հանրապետական և միջազգային մրցաշարեր, բարձրացնել բնակչության ֆիզիկական ակտիվության մակարդակը և խթանել առողջ ապրելակերպի տարածումը։
Բացի այդ, ծրագրի իրականացումը կարող է դրական ազդեցություն ունենալ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման վրա և նպաստել տարածաշրջանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։
Նախագծի վերաբերյալ կարծիքները, դիտարկումներն ու առաջարկությունները կարելի է ներկայացնել նաև իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման միասնական e-draft.am հարթակում՝ մինչև 2026 թվականի օգոստոսի 11-ը ներառյալ։