Տիգրան Ավանեսյանը դարձել է Սամարղանդի «Դինամոյի» ֆուտբոլիստ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանն իր կարիերան կշարունակի Ուզբեկստանում։ 24-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Սամարղանդի «Դինամոյի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ 2026 թվականի դեկտեմբերը, և ներառում է այն երկարաձգելու հնարավորություն։ Նոր թիմում հայ կիսապաշտպանը հանդես կգա 19 համարի մարզաշապիկով։
Ավանեսյանի նախորդ ակումբը ռուսական «Օրենբուրգն» էր։ Կալինինգրադի «Բալթիկայի» սանը նախկինում հանդես է եկել նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Տուլայի «Արսենալի» կազմում։ Միջազգային մակարդակում նա խաղացել է Ռուսաստանի մինչև 17 տարեկանների պատանեկան հավաքականում և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում։ 2024 թվականից ֆուտբոլիստը հրավիրվում է Հայաստանի ազգային հավաքական և մինչ այժմ անցկացրել է 5 հանդիպում։
Ավանեսյանը ծնվել է 2002 թվականի ապրիլի 13-ին Տաշքենդում։ Ինչպես նշում է «Դինամոյի» մամուլի ծառայությունը, նրա հարազատներից շատերը ծնունդով Սամարղանդից են և մինչ օրս բնակվում են այդ քաղաքում։
Ուզբեկստանի առաջնությունն արդեն ընթացքի մեջ է․ թիմերն անցկացրել են 13 տուր։ Սամարղանդյան ակումբի կազմում հանդես է գալիս նաև Դրաման Սալուն, որը նախկինում պաշտպանել է հայկական «Ուրարտուի» և «Փյունիկի» գույները։