«Տեներիֆեն» պաշտոնապես ներկայացրել է Գրանտ-Լեոն Ռանոսին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Իսպանական «Տեներիֆեն» պաշտոնապես հայտարարել է Հայաստանի հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխության մասին։
22-ամյա ֆուտբոլիստը Սեգունդան ներկայացնող ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։ Համաձայնագիրը նախատեսում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն։ Եթե թիմը բարձրանա Լա Լիգա, պայմանագիրը կերկարաձգվի ավտոմատ կերպով։
Առկա տեղեկությունների համաձայն՝ Ռանոսի տրանսֆերի համար «Տեներիֆեն» Մյոնխենգլադբախի «Բորուսիային» վճարել է մոտ 300 հազար եվրո։ Գործարքի պայմանները կարող են ներառել նաև հավելավճարներ և ֆուտբոլիստի հետագա վաճառքից տոկոս։
Իսպանական ակումբը պաշտոնական կայքում առանձնացրել է նորեկի բազմակողմանիությունն ու հարձակողական որակները։
«Գրանտ-Լեոն Ռանոսը բազմակողմանի հարձակվող է, որը կարող է խաղալ ինչպես կենտրոնական հարձակվողի դիրքում, այնպես էլ հարձակման ավելի շարժուն դիրքերում։ Նա աչքի է ընկնում ֆիզիկական ուժով, ազատ տարածություններն օգտագործելու ունակությամբ, առանց գնդակի տեղաշարժերով, պրեսինգին նվիրվածությամբ, ինչպես նաև խաղընկերների հետ համագործակցելու և գրոհները եզրափակելու բարձր տեխնիկական որակներով։ 180 սանտիմետր հասակ ունեցող ֆուտբոլիստը համատեղում է արագությունը, տուգանային հրապարակում ագրեսիվությունն ու գոլային գերազանց հոտառությունը։ Այս հատկանիշները նրան դարձնում են բազմակողմանի հարձակվող, որը դեռ զարգացման մեծ ներուժ ունի»,- ասվում է «Տեներիֆեի» հայտարարության մեջ։
Ռանոսը Մյունխենի «Բավարիայի» ակադեմիայի սան է։ 2022/23 մրցաշրջանում նա դարձավ ակումբի երկրորդ թիմի լավագույն ռմբարկուն՝ 36 պաշտոնական խաղում խփելով 20 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում։
Դրանից հետո հարձակվողը տեղափոխվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիա», որի կազմում նորամուտը նշեց Բունդեսլիգայում։ Նա Գերմանիայի բարձրագույն խմբում ընդհանուր առմամբ անցկացրել է 19 հանդիպում։ Ռանոսը վարձավճարով հանդես է եկել նաև Երկրորդ Բունդեսլիգայի «Կայզերսլաուտերնում» և Բրաունշվայգի «Այնտրախտում»։
Հայաստանի ազգային հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 26 հանդիպում և խփել հինգ գոլ։
Նոր մրցաշրջանում «Տեներիֆեն» առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 23-ին՝ մրցելով «Ալմերիայի» հետ։