Հայաստանի Մ20 հավաքականը տպավորիչ քամբեքով հաղթեց Ալբանիային Եվրոբասկետում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը B դիվիզիոնի Եվրոպայի առաջնության 17–21-րդ տեղերի համար փլեյ-օֆֆի խաղում հաղթեց Ալբանիայի հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց 74:57 հաշվով։
Երրորդ քառորդի ընթացքում Հայաստանի հավաքականը մրցակցին զիջում էր 12 միավորով, սակայն կարողացավ բեկել հանդիպման ընթացքը։ Վերջին քառորդում հայկական թիմը տպավորիչ խաղ ցուցադրեց՝ հաղթելով 32:9 հաշվով, և վստահ հաղթանակ տարավ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Ջահմել Բրյուսն էր, որը դաբլ-դաբլ ձևակերպեց՝ վաստակելով 30 միավոր և կատարելով 13 անդրադարձ։
Քամբեքում կարևոր դեր ունեցավ նաև հայկական «Ատիսը» ներկայացնող Ներսես Ավագյանը։ Վնասվածք ստացած Քսավյեր Կիլիսլյանին փոխարինած բասկետբոլիստը վաստակեց 16 միավոր և իրացրեց վեց հեռահար նետումներից երեքը։
Հարկ է առանձնացնել նաև Վալերի Աղաջանյանին, որը կատարեց 15 անդրադարձ և վաստակեց մեկ միավոր։
Սա Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակն էր մրցաշարում՝ խմբային փուլում կրած հինգ պարտություններից հետո։ Հայկական թիմը կշարունակի պայքարը Եվրոբասկետի 17–21-րդ տեղերի համար փլեյ-օֆֆում։