Հայաստանի Մ18 հավաքականը հինգերորդ տեղը գրավեց Եվրոբասկետի C դիվիզիոնում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների հավաքականը ավարտեց ելույթները Ալբանիայում անցկացված Եվրոբասկետի C դիվիզիոնում՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը։
Մրցաշարի հինգերորդ տեղի համար խաղում Արեգ Վաթյանի գլխավորած թիմը 106։96 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին։
Հայաստանի հավաքականի կազմում հանդիպման լավագույն խաղացողը հարձակվող Էնթոնի Սարգսյանն էր։ Նա դաբլ-դաբլ գրանցեց՝ վաստակելով 25 միավոր և կատարելով 13 անդրադարձ։
Նշենք, որ 200 սմ հասակ ունեցող 15-ամյա բասկետբոլիստը մինչ այդ ճանաչվել էր Մ16 Եվրոբասկետի C դիվիզիոնի ամենաարժեքավոր խաղացող։ Այդ մրցաշարում Հայաստանի հավաքականը դարձել էր հաղթող։
Ընդամենը մեկ շաբաթ անց Սարգսյանը հանդես եկավ նաև Մ18 հավաքականի կազմում և կրկին դարձավ թիմի առաջատարներից մեկը։ Մրցաշարում նա միջինը մեկ խաղում վաստակել է 16,8 միավոր և կատարել 10,3 անդրադարձ։
Հայաստանի Մ18 հավաքականը Եվրոբասկետում անցկացրեց հինգ հանդիպում։ Հայ բասկետբոլիստները հաղթեցին Ջիբրալթարի, Սան Մարինոյի և Մոլդովայի հավաքականներին, իսկ Կոսովոյի ու Անդորրայի թիմերին պարտվեցին։