«Սարդարապատը» տարավ իր պատմության առաջին հաղթանակը Հայաստանի Պրեմիեր լիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Սարդարապատը» հաջող նորամուտ նշեց Հայաստանի Պրեմիեր լիգայում՝ տանելով ակումբի պատմության առաջին հաղթանակը երկրի բարձրագույն խմբում։
Առաջին տուրի խաղում Միգել Տորեսի թիմը 4։1 հաշվով ջախջախեց «Վանին»։ Հաղթողների կազմում գոլերի հեղինակ դարձան Լևոն Պետրոսյանը, Համլետ Մինասյանը, Արթուր Դանիելյանը և 17-ամյա Ջանիկ Դավթյանը։ Լևոն Վարդանյանը կատարեց երկու գոլային փոխանցում։
Հատկապես խորհրդանշական էր Դավթյանի գոլը։ «Սարդարապատի» սանը դարձավ ակումբի ակադեմիայի առաջին շրջանավարտը, որը գոլի հեղինակ դարձավ թիմի կազմում Հայաստանի բարձրագույն խմբում։
«Վանի» միակ գոլը 11-մետրանոցից խփեց թիմի ավագ Պետրոս Ավետիսյանը։
«Սարդարապատը» ցուցադրեց կազմակերպված և արագ ֆուտբոլ, մինչդեռ Չարենցավանի թիմը դեռ հեռու է իր լավագույն մարզավիճակից։ Հանդիպման ընթացքի վրա ազդեց նաև Իբրահիմ Իստիի վնասվածքը առաջին խաղակեսում։ Նիգերիացի կիսապաշտպանը խաղադաշտում լավագույններից մեկն էր, սակայն վնասվածքի պատճառով հարկադրված փոխարինվեց, ինչը զգալիորեն խախտեց «Վանի» ծրագրերը։
Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի արդյունավետ մեկնարկը մրցաշարի նորեկին պարգևեց պատմական առաջին հաղթանակը։