Ռեքս Կալամյանը միացել է «Չիկագո Բուլսի» մարզչական շտաբին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը կարիերան կշարունակի NBA-ի ամենահայտնի ակումբներից մեկում։ Մասնագետը նշանակվել է «Չիկագո Բուլսի» գլխավոր մարզչի օգնական։
Կալամյանը կմիանա Չիկագոյի թիմի նոր գլխավոր մարզիչ Տիագո Սպլիտերի շտաբին։ Նրա հետ միասին գլխավոր մարզչի օգնականներ կդառնան նաև Ջոնա Հերսկուն և Բլեյք Ահերնը։ «Բուլսի» մարզչական շտաբում սպասվող փոփոխությունների մասին հայտնել է HoopsHype-ի լրագրող Մայքլ Սկոտոն։
Հայազգի ամերիկացի մասնագետն ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ ունի NBA-ում։ Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է «Միլուոկի Բաքսի», «Դետրոյթ Փիսթոնսի», «Սակրամենտո Քինգսի», «Լոս Անջելես Կլիպերսի», «Տորոնտո Ռեփթորսի», «Օկլահոմա Սիթի Թանդերի», «Մինեսոտա Թիմբերվուլվզի» և «Դենվեր Նագեթսի» մարզչական շտաբներում։
Կալամյանի նախորդ աշխատավայրը «Միլուոկի Բաքսն» էր, որտեղ նա գլխավոր մարզիչ Դոկ Ռիվերսի օգնականն էր։
Միևնույն ժամանակ Կալամյանը կշարունակի համատեղել NBA-ում աշխատանքը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հետ։ Մասնագետը Հայաստանի տղամարդկանց հավաքականը գլխավորում է 2022 թվականից։
«Չիկագո Բուլսի» մարզչական շտաբի կազմում Կալամյանը թիմին կնախապատրաստի NBA-ի 2026/27 մրցաշրջանին։