«Փյունիկը» հաղթեց «Մարսաշլոկին» և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Փյունիկը» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր՝ պատասխան խաղում հաղթելով Մալթայի «Մարսաշլոկին»։
Երևանում կայացած հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով։ Երկու խաղերի ընդհանուր արդյունքով հայկական ակումբը մրցակցին հաղթեց 4:0 հաշվով։ Հիշեցնենք, որ Մալթայում կայացած առաջին խաղում «Փյունիկը» հաղթել էր 3:0 հաշվով։
Պատասխան հանդիպման միակ գոլը գրանցվեց 80-րդ րոպեին։ Դանիիլ Կուլիկովը վստահ իրացրեց 11-մետրանոց հարվածը և հաղթանակ պարգևեց իր թիմին։
«Մարսաշլոկը» գրեթե ամբողջ հանդիպումն անցկացրեց տասը ֆուտբոլիստով։ Արդեն 10-րդ րոպեին Մալթայի թիմի դարպասապահ Քրիստոֆեր Մասումուն ուղիղ կարմիր քարտ ստացավ։
Առաջին խաղից հետո ունենալով հարմարավետ առավելություն՝ «Փյունիկի» ֆուտբոլիստները գործեցին խնայողական ռեժիմով, սակայն ամբողջությամբ վերահսկեցին հանդիպման ընթացքը և 20 հարված կատարեցին մրցակցի դարպասի ուղղությամբ։
Այս հաղթանակը նաև 0,250 միավոր բերեց Հայաստանին ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» կմրցի հունգարական «Դեբրեցենի» հետ։