Պաշտոնական․ Մարկ Գևորգյանը երկամյա պայմանագիր է կնքել «Մյունխեն 1860»-ի հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ֆուտբոլիստ Մարկ Գևորգյանը կարիերան կշարունակի Գերմանիայում։ 20-ամյա խաղացողը երկամյա պայմանագիր է կնքել «Մյունխեն 1860» ակումբի հետ, որը նոր մրցաշրջանում հանդես է գալու Բավարիայի Ռեգիոնալլիգայում՝ Գերմանիայի ուժեղությամբ չորրորդ դիվիզիոնում։
Նախկինում մյունխենյան ակումբի գույները պաշտպանել է Մարկի երկվորյակ եղբայրը՝ Մայք Գևորգյանը։
Մարկ Գևորգյանն իր կարիերան սկսել է TSV 1860 «Ռոզենհայմի» երիտասարդական ակադեմիայում, որից հետո տեղափոխվել է ավստրիական «Լիֆերինգ», ապա՝ «Ռեդ Բուլ Զալցբուրգի» համակարգ։ Ավստրիական ակումբի երիտասարդական թիմի կազմում նա 12 հանդիպում է անցկացրել ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգայում։
2022 թվականին Գևորգյանը վերադարձել է «Լիֆերինգ»՝ «Զալցբուրգի» գործընկեր ակումբ, որտեղ կատարել է իր առաջին քայլերը մեծահասակների ֆուտբոլում։ Ավստրիայի երկրորդ դիվիզիոնում նա անցկացրել է 35 հանդիպում։
2024 թվականի ամռանը ֆուտբոլիստը տեղափոխվել է «Հաննովեր 96»։ Ակումբի երկրորդ թիմի կազմում նա երկու հանդիպում է անցկացրել Գերմանիայի Երրորդ լիգայում, իսկ թիմի՝ ավելի ցածր դիվիզիոն դուրս մնալուց հետո հանդես է եկել Հյուսիսային Ռեգիոնալլիգայում։
Գևորգյանը կարող է խաղալ պաշտպանության և հարձակման երկու եզրերում։ Միջազգային մակարդակում նա հինգ հանդիպում է անցկացրել Գերմանիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում, իսկ 2025 թվականին հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում։
«Անցած շաբաթ Մարկը որպես փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ միացավ մեր մարզումներին։ Դրանից հետո մարզչական շտաբը և մարզական տնօրենը համոզվեցին, որ ցանկանում ենք նրան պայմանագիր առաջարկել։ Շատ ուրախ եմ, որ կարողացանք համաձայնության հասնել, և Մարկն այժմ կդառնա մեր թիմի լիարժեք անդամը», — ասել է TSV München von 1860 Spielbetriebs-GmbH-ի գործադիր տնօրեն Թոմաս Պրոբստը։
Ֆուտբոլիստը նույնպես մեկնաբանել է իր տեղափոխությունը։
«Ուրախ եմ, որ իմ տեղափոխությունը TSV 1860 München կայացավ։ Հիանալի է կրկին ավելի մոտ լինել տանը։ Այժմ ինձ համար ամենակարևորը քրտնաջան աշխատելն է և յուրաքանչյուր մարզման ու հանդիպման ժամանակ ցույց տալը, որ ցանկանում եմ օգնել «Առյուծներին»», — ասել է Մարկ Գևորգյանը։