SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Նոան» դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ արդար առաջնություն ապահովելու կոչով


«Նոան» դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ արդար առաջնություն ապահովելու կոչով
Ֆուտբոլ

«Նոա» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, մրցավարական կոմիտեի, կարգապահական մարմինների և ՀՖՖ մյուս պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներին։

Ակումբը հիշեցրել է, որ նախորդ մրցաշրջանի ընթացքում բազմիցս հրապարակայնորեն և պաշտոնական գրություններով մտահոգություն է հայտնել մրցավարության, հանդիպումների կազմակերպման, ինչպես նաև կարգապահական և էթիկական ընթացակարգերի կիրառման վերաբերյալ։

«Նոայի» գնահատմամբ՝ մի շարք դեպքերում ընդունված որոշումները հիմնավոր հարցեր են առաջացրել դրանց հետևողականության, օբյեկտիվության և մրցաշարի բոլոր մասնակիցների նկատմամբ հավասար վերաբերմունք ապահովելու տեսանկյունից։

Ակումբն անդրադարձել է նաև հայկական ֆուտբոլի ղեկավար կազմում վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխություններին՝ մասնավորապես ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հրաժարականին և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հայտարարությանը, որ հաջորդ ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը։

«Նոայում» կարծում են, որ ստեղծված իրավիճակում հատկապես կարևոր է նոր մրցաշրջանը սկսել արդար մրցակցության, անկախության և փոխադարձ վստահության մթնոլորտում։

Ակումբն ընդգծել է, որ երբեք արտոնություններ կամ առանձնահատուկ վերաբերմունք չի պահանջել։ «Նոայի» միակ ակնկալիքը բոլոր թիմերի նկատմամբ հավասար, օբյեկտիվ և կանխատեսելի մոտեցումն է՝ գործող կանոնակարգերի և սպորտային արդարության սկզբունքների պահպանմամբ։

Հայտարարության մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նախորդ մրցաշրջանի այն հանդիպումներին, որոնք սպասարկել են արտասահմանցի մրցավարները։ Ակումբի բարձրաձայնած մտահոգություններից հետո օտարերկրյա մրցավարներ նշանակվել են «Նոայի» մասնակցությամբ երեք հանդիպումների։

Այդ խաղերից երկուսում թիմը խոշոր հաշվով հաղթանակ է տարել, իսկ ևս մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։ Ընդ որում՝ երկու խաղում «Նոայի» ֆուտբոլիստները չեն ստացել ոչ մի դեղին քարտ, ինչը ակումբում բացառիկ դեպք են համարել՝ հաշվի առնելով մրցաշրջանի ընդհանուր պատկերը։

Միևնույն ժամանակ «Նոան» վստահություն է հայտնել, որ հայ մրցավարներն ունեն անհրաժեշտ ներուժ՝ նույնքան բարձր մակարդակով հանդիպումներ սպասարկելու համար։

Ակումբը դրական է գնահատել նաև այն փաստը, որ Հայաստանի բոլոր չորս ներկայացուցիչները հանդես են եկել եվրոպական ակումբային մրցաշարերի որակավորման երկրորդ փուլում։ «Նոայում» դա անվանել են հայկական ակումբային ֆուտբոլի ընդհանուր ձեռքբերում։

Հայտարարության մեջ նշվում է, որ հայկական ակումբներն ու մրցավարները պետք է ձգտեն միջազգային հարթակում ավելի մեծ ներկայություն ունենալ։ Մասնավորապես, «Նոայում» հույս ունեն ապագայում հայ մրցավարներին տեսնել ՈՒԵՖԱ-ի բարձր կատեգորիաներում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի կարևոր հանդիպումներում։

Ակումբի կարծիքով՝ ուժեղ և վստահություն ներշնչող ներքին առաջնությունը հայկական թիմերի և մրցավարների միջազգային հաջողությունների հիմքն է, ինչպես նաև ազգային հավաքականի զարգացման կարևոր բաղադրիչը։

Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ «Նոան» կոչ է արել մրցավարությանը, հանդիպումների կազմակերպմանը, կարգապահական և էթիկական հարցերին վերաբերող բոլոր գործընթացներն իրականացնել գործող կանոնակարգերի, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի սկզբունքների խստագույն պահպանմամբ։

Ակումբն ակնկալում է որոշումների կայացման լիարժեք օբյեկտիվություն, հետևողականություն, թափանցիկություն և անկախություն։

«Մեր նպատակը մրցակցային և արդար առաջնություն ունենալն է, որտեղ մարզական արդյունքները որոշվում են բացառապես խաղադաշտում, այլ ոչ թե խաղադաշտից դուրս որևէ ազդեցության ներքո»,- ասվում է հայտարարության մեջ։

Եզրափակելով՝ «Նոան» կոչ է արել բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց մրցաշրջանի առաջին խաղից մինչև վերջինը առաջնորդվել պրոֆեսիոնալիզմի, անկախության, անաչառության և պատասխանատվության սկզբունքներով։

«Արդարությունը խնդրանք կամ արտոնություն չէ։ Այն յուրաքանչյուր մրցաշարի կազմակերպչի հիմնարար պարտավորությունն է և յուրաքանչյուր ակումբի անքակտելի իրավունքը»,- ընդգծել են «Նոայում»։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։