Լուկաս Սելարայանը վատ է զգացել Արգենտինայի գավաթի խաղի ժամանակ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Լուկաս Սելարայանի հետ մտահոգիչ միջադեպ է տեղի ունեցել Արգենտինայի գավաթի խաղի ժամանակ, սակայն ֆուտբոլիստի հոսպիտալացման կարիք չի եղել։
Հինգշաբթի օրը «Բելգրանոն» Արգենտինայի գավաթի 1/16 եզրափակչի արտագնա խաղում հանդիպել է «Խիմնասիա ի Էսգրիմայի» հետ։ 66-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը դուրս է եկել խաղադաշտ՝ փոխարինելով վնասվածք ստացած թիմակցին, սակայն ընդամենը մի քանի րոպե անց արդեն ինքն է ստիպված եղել լքել խաղը։
Խաղի ընթացքում Սելարայանը հանկարծակի վատ է զգացել իրեն և սկսել է կորցնել կոորդինացիան։ «Բելգրանոյի» ավագին առաջինը օգնության են հասել ֆուտբոլիստները, որից հետո խաղադաշտ է մտել շտապօգնության մեքենան։ Չնայած մտահոգիչ իրավիճակին՝ Լուկասը կարողացել է ինքնուրույն հեռանալ մարզադաշտից, և նրա հոսպիտալացման կարիք չի եղել։
Խաղից հետո Սելարայանը լրագրողներին հայտնել է, որ տեղի ունեցածի պատճառը հիպոգլիկեմիան էր՝ վիճակ, որի ժամանակ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը իջնում է նորմայից ցածր։
«Ես մի փոքր խոսեցի բժշկի և այն բուժաշխատողների հետ, որոնք ինձ զննում էին, և անկեղծորեն շնորհակալ եմ նրանց։ Դա հիպոգլիկեմիա էր․ գլյուկոզայի մակարդակս շատ ցածր էր։ Ես սովոր չեմ շատ գլյուկոզա օգտագործել, հենց այդ մասին էի խոսում բժիշկների հետ։ Արյանս մեջ շաքարի մակարդակը նվազել էր», — ասել է Սելարայանը։
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ խաղադաշտում տեղի ունեցածը վշտացրել է իրեն, քանի որ այդ դրվագը լուրջ անհանգստություն է առաջացրել իր ընտանիքի, թիմակիցների և «Բելգրանոյի» երկրպագուների շրջանում։
«Ցավում եմ և մի փոքր տխուր եմ, որովհետև ինձ դուր չեկավ այն, ինչ տեղի ունեցավ խաղադաշտում։ Դա անհանգստություն առաջացրեց, որը զգացին իմ ընտանիքը և «Բելգրանոյի» երկրպագուները», — նշել է Լուկասը։
Սելարայանը նաև հայտնել է, որ նման դեպք իր հետ արդեն պատահել էր նախորդ տարի՝ արձակուրդի ժամանակ։
«Նախորդ տարի արձակուրդի ընթացքում տանը ինձ հետ նույն պատմությունը պատահեց․ կնոջս հետ ստիպված եղանք շտապ դիմել բժշկի, քանի որ գիտակցությունս կորցրել էի։ Ես բազմաթիվ հետազոտություններ եմ անցել ակումբի բժիշկների հետ։ Այս շաբաթ մենք կրկին կանցնենք անհրաժեշտ հետազոտությունները։
Հիմա վերադառնում եմ թիմի հետ, և մենք կշարունակենք վերլուծել այս ամենը։ Շատ շնորհակալ եմ բոլորին անհանգստության համար», — հավելել է «Բելգրանոյի» ավագը։
Ինքը՝ հանդիպումը, ավարտվել է «Բելգրանոյի» հաղթանակով հետխաղյա 11-մետրանոցների շարքում։ Թիմը դուրս է եկել Արգենտինայի գավաթի 1/8 եզրափակիչ։ Ավելի վաղ «Բելգրանոն» նաև հաղթել էր Արգենտինայի Ապերտուրայում։