Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող ԱԱ Մ17-ի եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Ջանես Նազարյանը, որը հանդես է գալիս մինչև 71 կգ քաշային կարգում, դուրս է եկել Բաքվում ընթացող աշխարհի Մ17 առաջնության եզրափակիչ։
Կիսաեզրափակիչ գոտեմարտում Նազարյանը ժամանակից շուտ՝ 8։0 հաշվով, հաղթել է Բուլղարիայի ներկայացուցչին։ Հայ մարզիկն առաջնությունում դեռևս ոչ մի միավոր չի զիջել մրցակիցներին՝ բոլոր չորս գոտեմարտերն ավարտելով ժամանակից շուտ՝ 34։0 ընդհանուր հաշվով։
Չեմպիոնական տիտղոսի պաշտպանությունը Նազարյանը սկսել է Նորվեգիայի ներկայացուցչի նկատմամբ 8։0 հաշվով հաղթանակով։ Գոտեմարտն ավարտելու համար նրան պահանջվել է ընդամենը մեկուկես րոպե։
1/8 եզրափակիչում Ջանեսը տպավորիչ գցում է կատարել և ժամանակից շուտ՝ 9։0 հաշվով, հաղթել Թուրքիայի ներկայացուցչին։ Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը նույնպես մրցակցին միավոր վաստակելու հնարավորություն չի տվել՝ 9։0 հաշվով հաղթելով Հունգարիայի ներկայացուցչին։
Եզրափակիչ գոտեմարտում Նազարյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Ասլան Ձուևը՝ մինչև 65 կգ քաշային կարգում Եվրոպայի Մ17 գործող չեմպիոնը։ Աշխարհի առաջնությունում նա հանդես է գալիս ավելի բարձր՝ մինչև 71 կգ քաշային կարգում։
Եզրափակչի ճանապարհին Ձուևը 7։3 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին, 9։0 հաշվով՝ Մոլդովայի ըմբիշին, 6։3 հաշվով՝ Ղազախստանի ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակիչում ժամանակից շուտ՝ 10։1 հաշվով, առավելության է հասել Իրանի ներկայացուցչի նկատմամբ։
Եվրոպայի Մ17 առաջնության մինչև 65 կգ քաշային կարգի եզրափակիչում Ձուևը 6։3 հաշվով հաղթել էր հայ ըմբիշ Զավեն Մեջլումյանին։
Նազարյանը վճռորոշ գոտեմարտին մոտենում է հիանալի մարզավիճակում։ Ավելի վաղ նա հաղթել էր Եվրոպայի առաջնությունում՝ մրցաշարն ավարտելով 37։0 ընդհանուր հաշվով։ Այսպիսով, հայ ըմբիշը երկու խոշոր միջազգային մրցաշար անընդմեջ հաղթել է իր բոլոր գոտեմարտերում՝ մրցակիցներին ոչ մի միավոր չզիջելով։
Եզրափակիչ գոտեմարտը կկայանա վաղը։