Ջանես Նազարյանը մրցակիցներին ոչ մի միավոր չզիջեց և դուրս եկավ Բաքվում անցկացվող U17 ԱԱ-ի կիսաեզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մինչև 17 տարեկանների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ջանես Նազարյանը վստահորեն դուրս եկավ Բաքվում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի U17 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Մինչև 71 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ըմբիշը չեմպիոնական տիտղոսի պաշտպանությունը սկսեց Նորվեգիայի ներկայացուցչի նկատմամբ վաղաժամ հաղթանակով։ Նազարյանը գոտեմարտն ավարտեց 8:0 հաշվով՝ ընդամենը մեկուկես րոպեում։
1/8 եզրափակիչում Ջանեսը տպավորիչ նետումով 9:0 հաշվով վաղաժամ հաղթանակ տարավ թուրք ըմբիշի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Հաջորդ գոտեմարտում Նազարյանը կրկին մրցակցին թույլ չտվեց որևէ միավոր վաստակել։ Քառորդ եզրափակիչում նա 9:0 հաշվով վաղաժամ հաղթեց Հունգարիայի ներկայացուցչին և նվաճեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչի ուղեգիր։
Այսպիսով, անցկացրած բոլոր երեք գոտեմարտերում հայ ըմբիշը հաղթեց «չոր» հաշվով՝ ընդհանուր առմամբ վաստակելով 26 միավոր և մրցակիցներին չզիջելով ոչ մեկը։
Եզրափակիչի ուղեգրի համար Ջանես Նազարյանը կգոտեմարտի Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Կրաստևի հետ։
Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները, որոնք մրցագորգ էին դուրս եկել այդ օրը, չկարողացան հասնել կիսաեզրափակիչ փուլ։ Վազգեն Վարդանյանը (45 կգ), Արտուշ Պետրոսյանը (60 կգ) և Եվրոպայի փոխչեմպիոն Ալեքսան Շալջյանը (92 կգ) պարտվեցին իրենց առաջին գոտեմարտերում։
Գևորգ Հարությունյանը (51 կգ) մրցաշարը սկսեց Հունգարիայի ներկայացուցչի նկատմամբ 9:0 հաշվով համոզիչ հաղթանակով։ Սակայն քառորդ եզրափակիչում նա 4:6 հաշվով պարտվեց ադրբեջանցի Աբդուրահման Հուսեյնլիին։ Գոտեմարտն ուղեկցվեց վիճահարույց մրցավարական որոշումներով, որոնք էական ազդեցություն ունեցան հանդիպման վերջնական արդյունքի վրա։ Հարությունյանը մրցակցից ավելի լավ էր գոտեմարտում, և միայն նա էր արդյունավետ նետումներ կատարում։