Արթուր Ղարիբյանի նորամուտը ՌՊԼ-ում՝ «Ռոստովի» դեմ խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի երիտասարդական հավաքականի 20-ամյա հարձակվող Արթուր Ղարիբյանն իր առաջին հանդիպումն անցկացրեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Ֆուտբոլիստը Մոսկվայի «Ռոդինայի» կազմում խաղադաշտ դուրս եկավ «Ռոստովի» դեմ երկրորդ տուրի հանդիպման 60-րդ րոպեին։
Ղարիբյանն անմիջական մասնակցություն ունեցավ իր թիմի երկրորդ գոլային դրվագին։ 74-րդ րոպեին նրա հարվածից հետո գնդակը դիպավ «Ռոստովի» պաշտպան Ումար Սակոյին և հայտնվեց դարպասում։ Պաշտոնական արձանագրությունում գոլը գրանցվեց որպես ինքնագոլ։
Խաղադաշտում անցկացրած ժամանակահատվածում հայ հարձակվողը ևս երկու անգամ հարվածեց դարպասին, կատարեց մեկ խլում և հաղթեց մեկ օդային մենապայքարում։ SofaScore վիճակագրական հարթակը Ղարիբյանի խաղը գնահատեց 6,3 միավորով։
«Արենա Խիմկի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց «Ռոստովի»՝ 4։2 հաշվով հաղթանակով։ Արդեն չորրորդ րոպեին Իկեր Պոսոն խփեց «Ռոդինայի»՝ ՌՊԼ-ում ելույթների պատմության առաջին գոլը։ 16-րդ րոպեին Իվան Կոմարովն իրացրեց 11-մետրանոց հարվածը և հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ խաղակեսում «Ռոստովն» առաջ անցավ Միտյա Կրիժանի ինքնագոլից հետո, իսկ այնուհետև հյուրերի առավելությունը մեծացրեց Անդրեյ Լանգովիչը։ Սակոյի ինքնագոլից հետո տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն հանդիպման վերջնամասում Դանիիլ Շանտալիյը ձևակերպեց վերջնական հաշիվը։
ՄԱՏՉ ՊՐԵՄԻԵՐ-ի փորձագետի վարկածով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Անդրեյ Լանգովիչը։
«Ռոստովը» նոր մրցաշրջանում տարավ իր առաջին հաղթանակը, իսկ ՌՊԼ-ի նորեկ «Ռոդինան» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը։ Առաջին տուրում մոսկովյան թիմը պարտվել էր «Սպարտակին»։
Հաջորդ տուրում «Ռոստովն» օգոստոսի 8-ին արտագնա հանդիպում կանցկացնի ԲԿՄԱ-ի դեմ, իսկ «Ռոդինան» օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կմրցի «Զենիթի» հետ։