Հայ հրաձիգները երեք մեդալ են նվաճել Տալլինում ընթացող աշխարհի առաջնության երրորդ օրը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները շարժվող թիրախի հրաձգության 2026 թվականի աշխարհի առաջնությունում, որն անցկացվում է հուլիսի 20-ից 26-ը Տալլինում։ Մրցումային երրորդ օրը հայ մարզիկները նվաճել են երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ։
Տղամարդկանց «նորմալ վազք» վարժությունում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը հաջողությամբ հաղթահարել են որակավորման փուլը և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցել են միմյանց դեմ։
Խաչատրյանը հաղթել է 6։2 հաշվով և եզրափակչի ուղեգիր նվաճել։ Վճռորոշ մենամարտում հայ հրաձիգը նույն՝ 6։2 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Հայկ Մինասյանը երրորդ տեղի համար պայքարում հանդիպել է Կորեայի Հանրապետության մարզիկի հետ։ Հայ հրաձիգը լարված մրցապայքարում հաղթել է 11։9 հաշվով և դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Հայաստանին ևս մեկ ոսկե մեդալ է պարգևել պատանեկան մրցաշարում հանդես եկող Աիդա Ազատյանը։ «Նորմալ վազք» վարժության որակավորման փուլում նա վաստակել է 561 միավոր և առաջին տեղով դուրս եկել կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակիչ մենամարտում Ազատյանը 6։4 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին, իսկ եզրափակչում համառ պայքարում առավելության է հասել 8։6 հաշվով։ Այսպիսով, հայ մարզուհին դարձել է պատանիների աշխարհի կրկնակի չեմպիոն։
Հայաստանի ներկայացուցիչները հաջող են հանդես եկել նաև պատանեկան խառը զույգերի մրցումներում, որոնք մասնակիցների անբավարար քանակի պատճառով անցկացվել են միջազգային մրցաշարի, այլ ոչ թե աշխարհի առաջնության կարգավիճակով։
Այս մրցաձևում Համլետ Կարենյանն ու Լիլիթ Մկրտչյանը նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Մանվել Միրզոյանն ու Աիդա Ազատյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Մրցումային երրորդ օրվա արդյունքներով Հայաստանը շարունակում է գլխավորել աշխարհի առաջնության ոսկե մեդալների հաշվարկը՝ իր ակտիվում ունենալով բարձրագույն կարգի հինգ պարգև։ Ղազախստանն ու Ֆինլանդիան նվաճել են երկուական, իսկ Ուկրաինան և Գերմանիան՝ մեկական ոսկե մեդալ։