UWW-ի կայքում հրապարակվել է Բաքվում կայանալիք Մ17 աշխարհի առաջնության Հայաստանի պահեստային կազմը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) կայքում հայտնվել է Հայաստանի հավաքականի կազմը Բաքվում կայանալիք Մ17 աշխարհի առաջնության համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի թիմը բաց կթողնի Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող մրցաշարը։
Հայաստանի ներկայացուցիչներն ընդգրկված են միայն ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի հայտացուցակում․
Մինչև 51 կգ․ Մուրադ Ղարիբյան
Մինչև 55 կգ․ Դավիթ Բալեյան
Մինչև 60 կգ․ Գրիշա Գևորգյան
Մինչև 65 կգ․ Էրիկ Պապիկյան
Մինչև 71 կգ․ Վարուժան Ասլանյան
Մինչև 80 կգ․ Վաչե Ասլանյան
Հրապարակված կազմը բավական անսովոր է։ Նշված ըմբիշներից ոչ մեկը չի մասնակցել Մ17 Եվրոպայի առաջնությանը և չի հաղթել Հայաստանի վերջին առաջնությունում։ Ազգային առաջնությունում նրանք զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը։
Այսպիսով, մասնակցության դեպքում Հայաստանը Բաքու փաստացի կուղարկի պահեստային կազմ։ Ընդ որում՝ թիմը ներկայացված է ազատ ոճի ըմբշամարտի միայն վեց քաշային կարգերում։
Հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ հայտավորված չեն։
Միևնույն ժամանակ պետք է նշել, որ UWW-ի կայքում հրապարակված կազմը դեռևս հաստատման կարիք ունի։ Այն կարող է լինել նախնական հայտ, ուստի մարզիկների անունների հայտնվելը ցուցակում դեռ չի նշանակում, որ Հայաստանի հավաքականը վերջնականապես կմասնակցի մրցաշարին։
Մ17 աշխարհի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 27-ին Ադրբեջանի մայրաքաղաքում։