«Ալաշկերտը» պարտվեց ՉՖՌ Կլուժին և ավարտեց ելույթը Կոնֆերենցիաների լիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Ալաշկերտն» ավարտեց ելույթը ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում՝ արտագնա խաղում 0:3 հաշվով պարտվելով ռումինական ՉՖՌ Կլուժին։
Որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հայկական ակումբին հաջողվել էր ոչ-ոքի խաղալ ավելի անվանի մրցակցի հետ, սակայն պատասխան հանդիպմանը զգացնել տվեց դաշտի տերերի կարգի առավելությունը։
ՉՖՌ Կլուժը հաշիվը բացեց արդեն երրորդ րոպեին․ աչքի ընկավ Կարլո Մուհարը։ «Ալաշկերտի» վիճակն ավելի բարդացավ 12-րդ րոպեին, երբ պաշտպան Սեզարը կարմիր քարտ ստացավ և թիմին թողեց տասը ֆուտբոլիստով։
Ընդմիջումից առաջ Մերիտոն Կորենիցան կրկնապատկեց ռումինական ակումբի առավելությունը, իսկ 77-րդ րոպեին Ալլին Ֆիկան ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 3:0։
«Ալաշկերտն» ավարտեց եվրագավաթային մրցաշրջանը որակավորման երկրորդ փուլում։ Վահե Գևորգյանի թիմը անցկացրած չորս խաղում երեք անգամ ոչ-ոքի խաղաց և կրեց մեկ պարտություն։
Իր ելույթով «Ալաշկերտը» Հայաստանին բերեց 0,375 միավոր ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում։
Այսպիսով, եվրագավաթներում պայքարը շարունակում են «Արարատ-Արմենիան» և «Նոան»։ «Փյունիկն» ու «Ալաշկերտը» մրցաշարերից դուրս մնացին որակավորման երկրորդ փուլում։