Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ և առանց պարտության ավարտեց հանդիպումները Հորդանանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը Հորդանանում անցկացվող միջազգային հավաքի շրջանակում անցկացրեց իր երկրորդ ընկերական հանդիպումը։ Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը մրցեց Ինդոնեզիայի հավաքականի հետ։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0։
Ավելի վաղ հայ ֆուտբոլիստուհիները 2:1 հաշվով հաղթել էին Հորդանանի հավաքականին։ Այսպիսով, Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպումներն ավարտեց առանց պարտության՝ տանելով մեկ հաղթանակ և գրանցելով մեկ ոչ-ոքի։
Հատկանշական է, որ երկու մրցակիցներն էլ ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում զգալիորեն բարձր դիրքեր են զբաղեցնում, քան Հայաստանը։ Հորդանանը 79-րդ տեղում է, Ինդոնեզիան՝ 106-րդ, իսկ Հայաստանը՝ 146-րդ։
Երկու հանդիպումների արդյունքների շնորհիվ Հայաստանի հավաքականը բարելավել է իր դիրքը դասակարգման աղյուսակում՝ բարձրանալով մեկ հորիզոնականով և շրջանցելով Մոնղոլիային։
Մարիամ Ստեփանյանի թիմի համար Հորդանանում անցկացված հանդիպումները դրական արդյունք ունեցան։ Հայ ֆուտբոլիստուհիներին հաջողվեց անպարտելի մնալ այնպիսի մրցակիցների դեմ խաղերում, որոնք ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զգալիորեն առաջ են Հայաստանից։