Ուգոչուկվու Իվուն վերջերս խաղադաշտ վերադառնալուց հետո կրկին վնասվածք է ստացել
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ռուբինի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն մկանային վնասվածք է ստացել։ Այդ մասին հայտնել է կազանյան թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ Արտիգան։
Մասնագետի խոսքով՝ «Ռուբինը» կադրային խնդիրների է բախվել ՌՊԼ-ի վեցերորդ տուրի՝ Մախաչկալայի «Դինամոյի» դեմ խաղից առաջ։ Իվուից բացի վնասվածքներ են ստացել պաշտպաններ Իգոր Վույաչիչը և Եգոր Տեսլենկոն։ Հարցականի տակ է նաև Նազմի Գրիպշիի մասնակցությունն առաջիկա հանդիպմանը։
— Թիմի վիճակը լավ է, տրամադրությունը՝ նույնպես՝ Ռուսաստանի գավաթում «Սպարտակի» նկատմամբ տարած հաղթանակից և Կալինինգրադում «Բալթիկայի» դեմ անցկացրած խաղից հետո։ Մենք մոտ էինք հաղթանակին։
Ցավոք, կորուստներ ունենք․ Վույաչիչը կողոսկրի կոտրվածք ունի, Տեսլենկոն՝ կոճի ձգվածք, իսկ Իվուն՝ մկանային վնասվածք։ Հարցեր կան նաև Նազմի Գրիպշիի վիճակի հետ կապված։ Հավանականություն կա, որ այս ֆուտբոլիստները չեն կարողանա խաղալ «Դինամոյի» դեմ,— Արտիգայի խոսքերը մեջբերում է «Ռուբինի» մամուլի ծառայությունը։
Իվուի համար այս վնասվածքը հատկապես տհաճ է, քանի որ կիսապաշտպանը միայն վերջերս վերականգնվել էր մեջքի վիրահատությունից հետո և վերադարձել լիարժեք խաղային պրակտիկայի։
Նոր վնասվածքը կարող է ազդել նաև Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին նրա մասնակցության վրա։ Այս տարի Իվուն առողջական խնդիրների պատճառով արդեն բաց է թողել ազգային թիմի բոլոր երեք ընկերական հանդիպումները։
26-ամյա կիսապաշտպանի վերականգնման ժամկետներն առայժմ հայտնի չեն։