Հայաստանի հավաքականը հրապարակել է ծանրամարտի աշխարհի 2026 թվականի առաջնության կազմը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի է դարձել Հայաստանի հավաքականի կազմը ծանրամարտի 2026 թվականի աշխարհի առաջնության համար, որը կանցկացվի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը Չինաստանի Նինբո քաղաքում։ Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 13 մարզիկ՝ ութ տղամարդ և հինգ կին։
Հավաքականի կազմում ընդգրկվել են հայ առաջատար ծանրորդները, այդ թվում՝ Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը և Գոռ Սահակյանը։ Միևնույն ժամանակ աշխարհի առաջնությունը բաց կթողնի ազգային հավաքականի երկարամյա առաջատար, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (110 կգ)։
Հայաստանի հավաքականի կազմը ծանրամարտի ԱԱ-2026-ում
Տղամարդիկ (8 մարզիկ)
-
65 կգ՝ Գառնիկ Չոլաքյան
-
75 կգ՝ Գոռ Սահակյան, Տիգրան Կարապետյան
-
85 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան, Մարտին Պողոսյան
-
95 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան
-
110 կգ՝ Գարիկ Կարապետյան
-
110 կգ-ից բարձր՝ Վարազդատ Լալայան
Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն է Հակոբ Փիլոսյանը, երկրորդ մարզիչը՝ Դավիթ Մուրադյանը։
Կանայք (5 մարզուհի)
-
57 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան
-
77 կգ՝ Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան
-
86 կգ՝ Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է Արտաշես Ներսիսյանը, երկրորդ մարզիչը՝ Տարոն Թովմասյանը։
Այլ երկրների հավաքականներում հանդես եկող հայ ծանրորդները
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից բացի, աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև հայկական ծագում ունեցող երեք ծանրորդներ, որոնք ներկայացնում են այլ պետություններ։
-
Անդրանիկ Կարապետյան (85 կգ) — Բոսնիա և Հերցեգովինա
-
Գևորգ Սերոբյան (85 կգ) — Ռուսաստան
-
Գոռ Մինասյան (110 կգ-ից բարձր) — Բահրեյն
Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում կլինի գերծանր քաշային կարգը, որտեղ հանդես կգա Վարազդատ Լալայանը։ Նրա հավանական մրցակիցների թվում են Գոռ Մինասյանը, ինչպես նաև լեգենդար վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն։
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Տալախաձեն նախորդ մրցաշրջանը բաց թողնելուց հետո ընդգրկվել է Վրաստանի հավաքականի հայտացուցակում։ Այսպիսով, Նինբոյում կարող է կայանալ աշխարհի ուժեղագույն գերծանրքաշայինների հերթական դիմակայությունը։
2026 թվականի աշխարհի առաջնությունը կլինի ծանրամարտի առաջին օլիմպիական որակավորման մրցաշարը՝ Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի Օլիմպիական խաղերի ճանապարհին։