Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունաթյանցը գլխավորել է Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 հավաքականը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կանանց մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել Էլեն Բունաթյանցին, որը հայտնի է նաև Էլեն Շակիրովա անունով։ Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հանդես կգա Եվրոպայի Մ20 առաջնության B դիվիզիոնում։ Մրցաշարը կանցկացվի 2027 թվականի հուլիսի 3-ից 11-ը Ռումինիայի Տուլչա քաղաքում։
Բունաթյանցն ակումբային կարիերան սկսել է Աբովյանի «Հատիսում», ապա հանդես եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Դինամոյում»։ 1989 թվականին նա ԲԿՄԱ-ի կազմում հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում և նվաճել Լիլիանա Ռոնկետիի գավաթը։ 1991-ին Բունաթյանցը ԽՍՀՄ հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ մեկ տարի անց Բարսելոնայի Օլիմպիական խաղերում Միացյալ թիմի կազմում նվաճել է ոսկե մեդալ։ Ատլանտայի և Սիդնեյի Օլիմպիական խաղերում նա ներկայացրել է Ռուսաստանի հավաքականը։ Եվրոպայի առաջնություններում Բունաթյանցն ընդհանուր առմամբ նվաճել է չորս մեդալ՝ մեկ ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե։
Էլեն Շակիրովայի մարզչական կարիերան
Շակիրովան մարզչական կարիերան սկսել է 2013 թվականին Կուրսկի «Դինամո-Ֆարմում»։ 2014-ին նա ժամանակավորապես գլխավորել է հիմնական թիմը, որն այդ մրցաշրջանում առաջին անգամ նվաճել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալները։ 2017 թվականին Շակիրովայի գլխավորությամբ «Դինամո-Ֆարմը» դուրս է եկել Պրեմիեր լիգա։ Բարձրագույն դիվիզիոնում թիմը հանդես է եկել «Ինվենտա» անունով և 2017/18 մրցաշրջանում դարձել Ռուսաստանի գավաթի բրոնզե մեդալակիր։ Լեհաստանի Տորուն քաղաքի «Էներգայում» մեկ մրցաշրջան աշխատելուց հետո Շակիրովան 2020 թվականին վերադարձել է Կուրսկի «Դինամո»՝ որպես գլխավոր մարզիչ։
2021-ից 2024 թվականներին Շակիրովան գլխավորել է տղամարդկանց «Ակտոբեն»։ 2021/22 մրցաշրջանում ակումբն առաջին անգամ դարձել է Ղազախստանի ազգային լիգայի բրոնզե մեդալակիր, իսկ Շակիրովան ճանաչվել է առաջնության լավագույն մարզիչ։ 2023-ին «Ակտոբեն» նվաճել է նաև Ղազախստանի գավաթի բրոնզե մեդալները։ Այնուհետև Շակիրովան աշխատել է Օմսկի «Նեֆտյանիկ-Տիտանում», իսկ 2026 թվականին գլխավորել է Իրանի կանանց հավաքականը։
Ռումինիայի մրցաշարից մեկ տարի անց կանանց Մ20 Եվրոպայի առաջնության B դիվիզիոնը կհյուրընկալի Երևանը։ ՖԻԲԱ Եվրոպան հաստատել է մրցաշարի անցկացման ժամկետները՝ 2028 թվականի հուլիսի 1-ից 9-ը։