Տիկնիզյանը պայմանագիր է ստորագրել «Օլիմպիակոսի» հետ․ հույները պաշտպանի համար կվճարեն մինչև €7 մլն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարիերան կշարունակի «Օլիմպիակոսում»։ Ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է ստորագրել հունական ակումբի հետ 4+1 ձևաչափով, հայտնում է լրագրող Իվան Կարպովը։
Աղբյուրի տվյալներով՝ «Օլիմպիակոսը» «Ցրվենա Զվեզդային» կվճարի €5 մլն՝ մեկ տրանշով։ Եվս €2 մլն նախատեսված է բոնուսների տեսքով։
Բելգրադյան ակումբը սկզբում ակնկալում էր Տիկնիզյանի մասնակցությունը Եվրոպա լիգայի որակավորման փուլում «Վիկտորիա Պլզենի» դեմ հանդիպումներին, որոնք կկայանան օգոստոսի 20-ին և 27-ին։ Սակայն «Օլիմպիակոսը» ցանկանում էր հնարավորինս շուտ ստանալ պաշտպանին․ արդեն շաբաթ օրը թիմին սպասվում է Հունաստանի Սուպերլիգայի հանդիպումը «Ատրոմիտոսի» դեմ։
Որպեսզի համոզի «Ցրվենա Զվեզդային» բաց թողնել ֆուտբոլիստին մինչև եվրագավաթային հանդիպումները, Պիրեյի ակումբը համաձայնել է անմիջապես փոխանցել տրանսֆերի ֆիքսված մասը՝ €5 մլն։
Տիկնիզյանն արդեն ժամանել է Հունաստան, հաջողությամբ անցել է բուժզննումը, հագել «Օլիմպիակոսի» մարզաշապիկը և այցելել իր նոր ակումբի մարզադաշտ։
Կարպովի տեղեկություններով՝ 27-ամյա պաշտպանի աշխատավարձը կկազմի մոտ €1,1 մլն տարեկան։ Պայմանագիրը նախատեսված է չորս մրցաշրջանի համար և ներառում է ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Նաիր Տիկնիզյանը կդառնա «Օլիմպիակոսի» պատմության մեջ Հայաստանի քաղաքացիություն ունեցող երրորդ ֆուտբոլիստը։