Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել «Սեուտայի»՝ «Տեներիֆեի» դեմ խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել Իսպանիայի Սեգունդայի 14-րդ տուրի խաղում, որում նրա «Սեուտան» արտագնա հանդիպման ժամանակ 0:2 հաշվով պարտվել է «Տեներիֆեին»։
24-ամյա հայ ֆուտբոլիստը հանդիպումը սկսել է մեկնարկային կազմում, սակայն 66-րդ րոպեին ստիպված է եղել լքել խաղադաշտը։ Նրան փոխարինել է Գաբրիել Օկորոն։
Լա Լիգայի պաշտոնական կայքում հրապարակված խաղի արձանագրության համաձայն՝ Սևիկյանի փոխարինման պատճառը վնասվածքն էր։ Վնասվածքի բնույթն ու ապաքինման հնարավոր ժամկետները դեռ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ Սևիկյանն ի սկզբանե գտնվում էր Հայաստանի ազգային հավաքականի տրամադրության տակ, որը պատրաստվում էր Ազգերի լիգայի՝ Լատվիայի դեմ խմբային փուլի վերջին հանդիպմանը։ Սակայն «Սեուտայի» ղեկավարությունը դիմել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով թույլ տալ ֆուտբոլիստին վերադառնալ ակումբ՝ «Տեներիֆեի» դեմ հանդիպմանը մասնակցելու համար։
ՀՖՖ-ն բավարարել էր իսպանական ակումբի խնդրանքը, ինչի շնորհիվ Սևիկյանը կարողացել էր մասնակցել Սեգունդայի հանդիպմանը։
Խաղն ավարտվել է «Տեներիֆեի» հաղթանակով՝ 2:0 հաշվով։ Գոլերը խփել են Նաչո Խիլը՝ 40-րդ րոպեին, և Նիլ Վիրեկը՝ 86-րդ րոպեին։
Այժմ Սևիկյանի մասնակցությունը «Սեուտայի» առաջիկա հանդիպումներին կախված կլինի բժշկական հետազոտության արդյունքներից և ստացած վնասվածքի ծանրությունից։