Սարգիս Ադամյանը չորս տարի անց հեռանում է «Քյոլնից»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը հեռանում է «Քյոլնից»՝ գերմանական ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո։
32-ամյա ֆուտբոլիստը «Քյոլնի» համակարգում անցկացրեց չորս տարի։ Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ այդ ընթացքում հայ հարձակվողը ակումբի վերջին տարիների ամենաքննարկված պայմանագրերից մեկով վաստակել է մոտ 2 միլիոն եվրո։
Մրցաշրջանի ավարտից հետո «Քյոլնը» հատուկ արարողությամբ պաշտոնապես հրաժեշտ է տվել Ադամյանին։ Չնայած առաջին թիմում ունեցած բարդ շրջանին՝ ակումբում ջերմորեն ճանապարհել են ֆուտբոլիստին՝ ընդգծելով նրա պրոֆեսիոնալիզմը, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը և ներդրումը թիմում։
«Քյոլնի» հիմնական թիմի կազմում Ադամյանն անցկացրել է 60 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Վերջին մրցաշրջանը հայ հարձակվողն անցկացրել է պահեստային թիմում, որը հանդես է գալիս Ռեգիոնալլիգայում։ Այնտեղ Սարգիսը կարողացել է բարձր արդյունավետություն ցույց տալ․ 21 խաղում նա խփել է 10 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։
Գերմանական մամուլի տեղեկություններով՝ Ադամյանը չի պատրաստվում ավարտել կարիերան։ Ավելին՝ նրա նկատմամբ հետաքրքրությունը Գերմանիայի ակումբների կողմից պահպանվում է։ Դրա պատճառ են նշում ոչ միայն նրա վիճակագրությունը պահեստային թիմում, այլ նաև պրոֆեսիոնալի համբավը, որը ֆուտբոլիստը հաստատել է վերջին մրցաշրջանի ընթացքում։
Նշվում է, որ հայ հարձակվողը այլ թիմերի ուշադրությունը գրավել է իր օրինակելի պահվածքով և Ռեգիոնալլիգայի 21 խաղում կատարած 17 արդյունավետ գործողություններով։ Շատ ակումբների համար սա կարող է լուրջ փաստարկ դառնալ նրա թեկնածությունը դիտարկելու հարցում։
Ադամյանների ընտանիքը նույնպես սերտորեն կապված է Քյոլնի հետ։ Ֆուտբոլիստի կինը՝ Աննա Ադամյանը, վերջերս Instagram-ում հայտարարել էր, որ հնարավորության դեպքում կցանկանար մնալ Քյոլնի շրջանում։ Սա կարող է դեր խաղալ նոր ակումբ ընտրելու հարցում, եթե հարձակվողը կարիերան շարունակելու տարբերակներ ունենա ներկայիս բնակության վայրից ոչ հեռու։
Սարգիս Ադամյանը հանդես է եկել Հայաստանի հավաքականում՝ անցկացնելով 36 հանդիպում, խփելով 2 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։ Նա շարունակում է մնալ Գերմանիայում հանդես եկած ամենահայտնի հայ ֆուտբոլիստներից մեկը։ «Քյոլնից» հեռանալուց հետո Ադամյանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ և կկարողանա ինքնուրույն ընտրել կարիերայի հաջորդ փուլը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0