Թուրքական քաղաքացիությունից մինչև Հայաստանի օրհներգը․ Անդրե Կալիսիրի զարմանալի պատմությունը
Photo By Ramsey Cardy/Sportsfile via Getty Images
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Անդրե Կալիսիրը, որն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան 2026 թվականի հունվարին, բազմիցս պատմել է իր հայկական և ասորի-քրիստոնեական արմատների, Թուրքիայում ծնողների կյանքի և ազգային հավաքականի ընտրության բարդ գործընթացի մասին։ Sportaran-ը մեկտեղել է տարբեր տարիներին նրա արած հայտարարությունները, ինչպես նաև ներկայացնում է ֆուտբոլիստի հետ 2017 թվականի նոյեմբերին տեղի ունեցած անձնական նամակագրության պատմությունը, երբ նա դեռ չէր խաղում Հայաստանի հավաքականում։
Անդրե Կալիսիրը (André Calisir, հայտնի է նաև որպես Անդրե Չալիշիր) ծնվել է 1990 թվականի հունիսի 13-ին Ստոկհոլմում։ Նրա մայրը հայկական ծագում ունի, հայրը պատկանում է ասորի-քրիստոնեական համայնքին, իսկ երկու ծնողներն էլ մեծացել են ներկայիս Թուրքիայի տարածքում։
Երիտասարդ տարիքում պաշտպանը հանդես է եկել Շվեդիայի Մ19 հավաքականում։ Ընտանեկան ծագման շնորհիվ նա հնարավորություն ուներ ներկայացնելու նաև Հայաստանը, իսկ նախկինում ունեցած Թուրքիայի քաղաքացիությունը թույլ էր տալիս դիտարկել նաև Թուրքիայի հավաքականի տարբերակը։
Տարիների ընթացքում Կալիսիրը շվեդ լրագրողներին մանրամասն պատմել է իր ծագման, հայ տատիկի, Դիարբեքիրից սերող հարազատների և այն մասին, թե ինչպես Հայաստանի հավաքականից ստացած հրավերը փոխեց իր վերաբերմունքը սեփական ընտանիքի պատմության նկատմամբ։
Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում 2017 թվականի արխիվային նամակագրությունը։ Հայաստանի հավաքականում նորամուտից մի քանի ամիս առաջ ֆուտբոլիստն անձամբ հաստատել էր իր հայկական արմատները Sportaran-ի հեղինակ Վահե Հակոբյանին, որն այդ ժամանակ ԱՖԳ ֆուտբոլային համայնքի ադմինիստրատորներից էր։
2017 թվականի մարտի 31․ Կալիսիրը պատմեց Թուրքիայի և Հայաստանի հավաքականներում հանդես գալու հնարավորության մասին
2017 թվականի մարտին Կալիսիրը Շվեդիայի առաջնությունում հանդես էր գալիս «Յոնչյոպինգս Սյոդրա» ակումբում։
2017 թվականի մարտի 31-ին Fotbollskanalen-ին տված հարցազրույցում լրագրող Յոնաս Հանսոնը անդրադարձել էր պաշտպանի միջազգային կարիերայի թեմային։ Սակայն այդ հարցազրույցը Հայաստանում աննկատ էր մնացել։ Փոխարենը՝ այն նկատել էին Football Manager խաղի մշակողները (այս մասին՝ ստորև)։
Այդ ժամանակ Կալիսիրն արդեն Շվեդիայի պատանեկան հավաքականում հանդես գալու փորձ ուներ, սակայն դեռ չէր հրավիրվել մեծահասակների ազգային հավաքական։
Ֆուտբոլիստը հաստատել էր, որ կարող էր հանդես գալ Թուրքիայի հավաքականում, քանի որ նախկինում ունեցել էր թուրքական քաղաքացիություն։ Միաժամանակ նա նշել էր, որ մոր ծագման շնորհիվ հնարավորություն ունի խաղալու Հայաստանի հավաքականում։
Կալիսիրի խոսքով՝ Հայաստանի ներկայացուցիչների հետ քննարկվել էր իրեն հավաքական հրավիրելու հնարավորությունը, սակայն անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման ընթացքում դժվարություններ էին առաջացել։
Գործընթացը զգալի ջանքեր էր պահանջում, և ինչ-որ պահի ֆուտբոլիստը դադարել էր զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ։
Այսպիսով, դեռևս 2017 թվականի գարնանը Կալիսիրը բացահայտ խոսում էր Հայաստանի հավաքականում հանդես գալու հնարավորության մասին, թեև վերջնական որոշում դեռ չէր կայացրել։
Կարևոր է ընդգծել, որ պաշտպանը խոսում էր Թուրքիայի հավաքականում խաղալու հնարավոր իրավունքի մասին, սակայն չէր հայտնել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայից պաշտոնական հրավեր ստանալու մասին։
2017 թվականի նոյեմբերի 10–14․ Ինչպես ես գտա Անդրե Կալիսիրին և իմացա նրա հայկական արմատների մասին
Անդրե Կալիսիրի հետ կապված մի փոքր անձնական պատմություն ունեմ, որը տեղի է ունեցել դեռևս Հայաստանի հավաքականում նրա նորամուտից առաջ։
2017 թվականի նոյեմբերին ես ԱՖԳ ֆուտբոլային համայնքի ադմինիստրատորներից էի։ Մենք ակտիվորեն հետևում էինք ամբողջ աշխարհում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին և փորձում գտնել հայկական ծագում ունեցող այնպիսի խաղացողների, որոնք դեռ հայտնի չէին հայ լայն հանրությանը։
Հենց այդ ժամանակ մեր բաժանորդներից մեկը ուշադրություն դարձրեց Անդրե Կալիսիրին, որը Շվեդիայի առաջնությունում հանդես էր գալիս «Յոնչյոպինգս Սյոդրա» ակումբում։ Բաժանորդն այդ մասին տեղեկացրեց ինձ, և ես սոցիալական ցանցերի միջոցով կապ հաստատեցի ֆուտբոլիստի հետ։ Բարեբախտաբար, նա պատասխանեց։
Football Manager 2018 ֆուտբոլային սիմուլյատորում պաշտպանի երկրորդ ազգությունը նշված էր որպես հայկական։ Այդ տեղեկությունն ինձ հետաքրքրեց, և ես որոշեցի անձամբ կապ հաստատել ֆուտբոլիստի հետ՝ պարզելու, թե արդյոք նա իսկապես հայկական արմատներ ունի։
2017 թվականի նոյեմբերի 10-ին ես Instagram-ում գրեցի Կալիսիրին, ներկայացա որպես հայ մարզական լրագրող և ուղիղ հարցրի նրա ծագման մասին։ Նաև պատմեցի, որ մենք հետևում ենք աշխարհի տարբեր երկրներում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին և ցանկանում ենք նրա մասին հրապարակում պատրաստել։
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 22։04-ին, Անդրեն պատասխանեց.
«Oh yes My grandmother is Armenien» — «Օ՜, այո, իմ տատիկը հայուհի է»։
Ես շատ ուրախացա այդ հաստատումից և պատասխանեցի նրան.
«Wow cool. Waiting you in Armenian National Team» — «Վա՜յ, հիանալի է։ Սպասում ենք քեզ Հայաստանի ազգային հավաքականում»։
Այդ ժամանակ Կալիսիրը դեռ չէր հանդես եկել Հայաստանի ազգային հավաքականում, թեև, ինչպես հետագայում պարզ դարձավ շվեդական լրատվամիջոցներին տված նրա հարցազրույցներից, հայկական կողմն արդեն նախկինում հետաքրքրություն էր ցուցաբերել նրա նկատմամբ։
Յոթ ամսից էլ քիչ ժամանակ անց՝ 2018 թվականի հունիսի 4-ին, Կալիսիրն իսկապես նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում՝ մասնակցելով Մոլդովայի դեմ ընկերական հանդիպմանը։
Այս նամակագրությունը պահպանվել է իմ անձնական արխիվում։
Հետաքրքիր է, որ 2020 թվականի ապրիլին Կալիսիրը շվեդ լրագրող Էրիկ Նիվային պատմել էր շատ նման մի պատմություն այն մարդու մասին, որը սոցիալական ցանցերի միջոցով կապ էր հաստատել իր հետ՝ հայկական ծագման մասին տեղեկանալու նպատակով։
Այս պատմությանը մենք դեռ կվերադառնանք։

Աղբյուր՝ Վահե Հակոբյանի և Անդրե Կալիսիրի անձնական նամակագրությունը Instagram-ում, 2017 թվականի նոյեմբերի 10–14։
2018 թվականի մայիսի 8․ «Ծնողներս մեծացել են Թուրքիայում, բայց նրանք թուրքեր չեն»
2018 թվականի գարնանը Կալիսիրն արդեն հանդես էր գալիս «Գյոթեբորգում», ուր տեղափոխվել էր «Յոնչյոպինգս Սյոդրայից»։ Մայիսի 8-ին շվեդական FotbollDirekt պարբերականը հաղորդեց ֆուտբոլիստին Հայաստանի հավաքական հրավիրելու հնարավորության մասին։
Լրագրող Կասպեր Նորդքվիստի հետ զրույցում Կալիսիրը հաստատեց այդ տեղեկությունը և պատմեց, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն անձամբ զանգահարել է իրեն։
Ֆուտբոլիստը բացատրեց, որ նախկինում ևս կապ էր պահպանել հայկական ֆուտբոլի ներկայացուցիչների հետ, սակայն այժմ հետաքրքրությունն ավելի առարկայական էր դարձել։ Հարցազրույցի առանձին հատված նվիրված էր նրա ընտանիքի ծագմանը։
Կալիսիրը բացատրեց, որ իր երկու ծնողներն էլ մեծացել են Թուրքիայում, սակայն իրենց էթնիկ թուրք չեն համարում։
Ֆուտբոլիստի մայրը հայկական արմատներ ունի, իսկ հայրը՝ ասորի-քրիստոնեական։
Ինքը՝ Կալիսիրը, խոստովանեց, որ երբեմն օգտագործում է «քրիստոնյա թուրք» արտահայտությունը, քանի որ Թուրքիայի քրիստոնեական համայնքների պատմությանը ծանոթ չլինող մարդկանց համար այդպես ավելի հեշտ է հասկանալ իր ծագումը։
Սակայն ֆուտբոլիստը հստակ տարբերակում էր ծնողների էթնիկ պատկանելությունը և այն երկիրը, որտեղ նրանք մեծացել էին։
Լրագրողը նաև հետաքրքրվեց՝ արդյոք պաշտպանը հրաժարվել է Շվեդիայի հավաքականում հանդես գալու հույսից։
Կալիսիրը ժպիտով պատասխանեց, որ Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յանե Անդերսոնը իր հետ կապ չի հաստատել։ Նա բարձր գնահատեց Շվեդիայի հավաքականի մակարդակը, սակայն ընդունեց, որ Հայաստանի հավաքականում հանդես գալը շատ հետաքրքիր կլիներ։
2018 թվականի մայիսի 11․ Վարդան Մինասյանի անձնական զանգը
Երեք օր անց՝ 2018 թվականի մայիսի 11-ին, Կալիսիրը ևս մեկ հարցազրույց տվեց շվեդական Aftonbladet-ին, այս անգամ՝ լրագրող Պետրա Թորենին։
Այդ պահին Հայաստանի հավաքականից պաշտոնական հրավերն արդեն ստացվել էր։ Կալիսիրը պատմեց, որ անձամբ զրուցել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ։
Մարզիչը հայտնել էր, որ հետևել է Շվեդիայի առաջնությունում նրա ելույթներին և ցանկանում է հրավիրել պաշտպանին։
Հատկապես հետաքրքիր է այն փաստը, որ այդ զրույցի պահին Կալիսիրը դեռ երբեք չէր այցելել Հայաստան։
Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը նշում էր, որ մոր միջոցով ամուր ընտանեկան կապ ունի Հայաստանի հետ։ Նա նաև պատմեց, որ Շվեդիայում ապրում են իր բազմաթիվ հարազատներ, որոնք շատ էին ուրախացել հնարավոր հրավերի մասին լուրից։
Առանձին քննարկվել էր Հենրիխ Մխիթարյանի հետ նույն թիմում խաղալու հեռանկարը։ Կալիսիրը հայ կիսապաշտպանին անվանել էր բարձրակարգ ֆուտբոլիստ և խոստովանել, որ նրա հետ խաղալը հետաքրքիր փորձ կլիներ իր համար։
Առաջին հրավերն ուղեկցվել էր կազմակերպչական դժվարություններով։
Ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքը մասամբ համընկնում էր Շվեդիայի առաջնությունում «Գյոթեբորգի» հանդիպումների հետ։ Ակումբի ղեկավարությունը հայկական կողմի հետ քննարկում էր փոխզիջումային տարբերակ, որպեսզի պաշտպանը կարողանար միանալ ազգային թիմին ակումբային հանդիպումներից հետո։
Ի վերջո, հարցը հաջողվեց լուծել։
2018 թվականի հունիսի 4․ Նորամուտ Հայաստանի հավաքականում և օրհներգի առաջին բառերը
2018 թվականի մայիսին Կալիսիրն առաջին անգամ միացավ Հայաստանի հավաքականին Ավստրիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի ընթացքում։
Վարդան Մինասյանի թիմը պատրաստվում էր Մալթայի և Մոլդովայի դեմ ընկերական հանդիպումներին։
2018 թվականի հունիսի 4-ին Կալիսիրը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում Մոլդովայի դեմ խաղում, որն ավարտվեց 0։0 հաշվով։ Պաշտպանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և անցկացրեց ամբողջ հանդիպումը։
Ավելի ուշ շվեդ լրագրող Էրիկ Նիվային տված ծավալուն հարցազրույցում նա խոստովանեց, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս գալուց առաջ հուզմունք էր զգում։
Գլխավոր դժվարությունը լեզվական խոչընդոտն էր։ Կալիսիրը հայերեն չէր խոսում և սկզբում նույնիսկ չգիտեր հիմնական ֆուտբոլային արտահայտությունները։
Նա աստիճանաբար սկսեց սովորել խաղադաշտում հաղորդակցվելու համար անհրաժեշտ բառերը, այդ թվում՝ «աջ» և «ձախ» հրահանգները։
Պաշտպանի համար առանձնահատուկ հիշողություն դարձավ Հայաստանի պետական օրհներգի կատարումը։
Հանդիպման նախօրեին Կալիսիրն ընկերոջ հետ YouTube-ում տեսանյութեր էր դիտում և փորձում սովորել Հայաստանի օրհներգի բառերը։ Երբ եկավ խաղադաշտ դուրս գալու պահը, նա արդեն կարողանում էր միանալ թիմակիցներին «Մեր հայրենիքի» կատարման ժամանակ։
2018 թվականի սեպտեմբերի 3․ Առաջին այցը Հայաստան
Թեև Կալիսիրը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել էր հունիսին, անմիջապես Հայաստան առաջին անգամ ժամանեց միայն 2018 թվականի սեպտեմբերին։
Ազգերի լիգայի՝ Լիխտենշտեյնի դեմ տնային հանդիպումից առաջ ֆուտբոլիստը NEWS.am Sport-ի հետ կիսվեց իր տպավորություններով։
Պաշտպանը պատմեց, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու և ազգային հավաքականի մաս կազմելու համար։ Նա հատկապես ընդգծեց մարզումային գործընթացի պրոֆեսիոնալ կազմակերպվածությունը և ընկերական մթնոլորտը։
Նրա խոսքով՝ ֆուտբոլիստները մշտապես օգնում էին միմյանց և լավ պայմաններ ստեղծում նորեկների համար։
Կալիսիրի համար սա առաջին այցն էր մոր պատմական հայրենիք, ուստի իրադարձությունն ուներ ոչ միայն մարզական, այլև անձնական նշանակություն։
Հետագայում նա խոստովանեց, որ հենց հավաքականի հետ Հայաստան կատարած այցերն իր մեջ արթնացրին սեփական արմատներն ավելի խորությամբ ուսումնասիրելու ցանկությունը։
2020 թվականի հունվարի 18․ Հպարտություն Հայաստանի հավաքականի համար և ընտանիքի աջակցությունը
2020 թվականի հունվարի 18-ին Կալիսիրը հարցազրույց տվեց հայկական NEWS.am Sport-ին։
Այդ պահին պաշտպանն ազգային հավաքականի կազմում անցկացրել էր ութ հանդիպում։
Խոսելով Հայաստանի հավաքականում իր ելույթների մասին՝ նա ընդգծեց, որ հաճույքով է ընդունել հրավերը և մեծ պատիվ է համարում երկրի համար խաղալու հնարավորությունը։
Կալիսիրը նշեց, որ Հայաստանի հավաքականը կարող էր ավելի լավ արդյունքների հասնել Եվրո-2020-ի ընտրական փուլում և հաջորդ ընտրական մրցաշարերում պետք է հաշվի առնի սեփական սխալները։
Ֆուտբոլիստը հատուկ ուշադրություն դարձրեց նաև իր ընտանիքին։ Նա պատմեց, որ ամուսնացել է 2019 թվականի հունիսին և մեծ քրիստոնեական հարսանիք է անցկացրել։ Իսկ 2020 թվականի մարտին սպասում էր առաջնեկի լույս աշխարհ գալուն։
Կալիսիրն իր գլխավոր երկրպագուներն անվանեց հարազատներին։ Նրա խոսքով՝ ծնողները շատ հպարտ էին, որ ինքը հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում։
Հայրը և եղբայրները Երևան էին ժամանել Բոսնիա և Հերցեգովինայի դեմ հանդիպմանը ներկա գտնվելու համար, իսկ ծնողները ներկա էին նաև Ֆինլանդիայի դեմ արտագնա խաղին։
Ֆուտբոլիստի ընտանիքի համար Հայաստանի հավաքականում նրա ելույթները դարձան սեփական արմատների հետ կապը զգալու հնարավորություն։
2020 թվականի մարտի 24․ Ընտանեկան հպարտությունը և Մխիթարյանի համեմատությունը Զլատանի հետ
2020 թվականի մարտի 24-ին Fotbollskanalen-ը հրապարակեց Սեբաստիան Հոջիչ Պիրսոնի հարցազրույցը։
Զրույցը տեղի էր ունեցել դեռ փետրվարին՝ «Գյոթեբորգի» ուսումնամարզական հավաքի ժամանակ։
Կալիսիրը կրկին պատմեց, որ հայկական ֆուտբոլի հետ առաջին կապերը հաստատվել էին դեռ այն ժամանակ, երբ ինքը հանդես էր գալիս «Յոնչյոպինգս Սյոդրայում»։ «Գյոթեբորգ» տեղափոխվելուց հետո ազգային հավաքականի հետաքրքրությունն ավելի մեծացավ։
Պաշտպանի խոսքով՝ սկզբում նույնիսկ չէր պատկերացնում, որ մի օր հանդես կգա Հայաստանի հավաքականում։
Սակայն նախնիների երկիրը ներկայացնելու հնարավորությունն առանձնահատուկ կարևոր էր նրա հարազատների համար։ Կալիսիրը նշում էր, որ ընտանիքի անդամներն ու բարեկամները հսկայական հպարտություն էին զգում՝ տեսնելով նրան Հայաստանի հավաքականի մարզաշապիկով։
Նույն հարցազրույցում նա մանրամասն խոսեց Հենրիխ Մխիթարյանի մասին։
Կալիսիրի կարծիքով՝ Հայաստանում Մխիթարյանի կարգավիճակը կարելի է համեմատել Շվեդիայում Զլատան Իբրահիմովիչի ժողովրդականության հետ։
Նա ընդգծում էր, որ Մխիթարյանն առանձնանում է ոչ միայն ֆուտբոլային վարպետությամբ, այլև համեստությամբ։
Չնայած թիմի գլխավոր աստղի կարգավիճակին՝ կիսապաշտպանը մեծապես օգնում էր թիմակիցներին և վայելում էր բոլորի հարգանքը։
Կալիսիրը նաև պատմում էր, որ երկրպագուները մոտենում էին Մխիթարյանին նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս անցկացվող ուսումնամարզական հավաքների ժամանակ։
Չնայած Եվրո-2020-ի ընտրական փուլում անհաջողություններին՝ Կալիսիրը կարծում էր, որ Հայաստանի հավաքականը պետք է պահպանի խոշոր մրցաշարի մասնակցելու հնարավորության նկատմամբ հավատը։
2020 թվականի ապրիլի 9․ Կալիսիրը պատմեց խորհրդավոր մարդու մասին, որը նրան գտել էր սոցիալական ցանցերի միջոցով
Կալիսիրի ամենահետաքրքիր հարցազրույցներից մեկը հրապարակվել է 2020 թվականի ապրիլի 9-ին՝ շվեդական Aftonbladet-ում։
Լրագրող Էրիկ Նիվայի հետ ծավալուն զրույցում ֆուտբոլիստը մանրամասն պատմել է իր ծագման, ընտանիքի, նախնիների պատմության և այն առաջին շփումների մասին, որոնք նախորդել էին Հայաստանի հավաքականում իր հայտնվելուն։
Հատկապես ուշագրավ է Կալիսիրի պատմությունն այն մարդու մասին, որը սոցիալական ցանցերով կապ էր հաստատել իր հետ, երբ նա դեռ խաղում էր «Յոնչյոպինգս Սյոդրայում»։
Ահա թե ինչպես է ֆուտբոլիստն ինքը նկարագրել այդ պատմությունը Aftonbladet-ին տված հարցազրույցում (թարգմանություն հայերեն).
«Սկզբում ամեն ինչ տեղի ունեցավ բոլորովին անսպասելի։ Ես դեռ խաղում էի «Յոնչյոպինգս Սյոդրայում», երբ սոցիալական ցանցերում ինձ առաջին անգամ հարցրին՝ արդյոք ճի՞շտ է, որ հայկական արմատներ ունեմ։ Ինձ հետ կապ էր հաստատել ոչ թե ֆեդերացիան, այլ... դե, ինչ-որ գործակալ, կարծես սկաուտ լիներ։ Բայց երբ ես պատասխանեցի, նա հավանաբար այդ տեղեկությունը փոխանցեց ֆեդերացիային։
Չգիտեմ՝ ինչու նրանց այդքան երկար ժամանակ պահանջվեց ինձ գտնելու համար։ Իմ ազգանունն իրականում թուրքական է, ուստի հնարավոր է՝ մարդիկ պարզապես ենթադրել են, որ ես թուրք եմ։ Բայց միևնույն ժամանակ ես քրիստոնեական անուն ունեմ, այնպես որ, երբ խոսքը վերաբերում է իմ ընտանիքի պատմությանը, դեռ շատ բան կա պարզելու։
Իմ հայկական արմատները մորս կողմից են։ Տատիկս ու պապիկս ապրել են Դիարբեքիրում, որն այժմ գտնվում է Թուրքիայում, բայց հայկական պատմության մի մասն է։ Պատմության ընթացքում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները շատ բարդ են եղել՝ տեղի են ունեցել պատերազմներ և ցեղասպանություններ, սակայն, այնուամենայնիվ, այնտեղ միշտ բազմաթիվ հայեր են ապրել»։
Այս խոսքերն առանձնապես հետաքրքիր են Sportaran-ի հեղինակի անձնական արխիվում պահպանված նամակագրության համատեքստում։
2017 թվականի նոյեմբերին ես՝ Վահե Հակոբյանս, իսկապես Instagram-ի միջոցով կապ էի հաստատել Կալիսիրի հետ և նրան տվել հենց այդ հարցը՝ հայկական ծագման վերաբերյալ։
Այդ ժամանակ ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Յոնչյոպինգս Սյոդրայում», իսկ նրան գրելու պատճառը Football Manager 2018-ում նշված տեղեկությունն էր։
Կալիսիրի պատասխանը նույնպես բովանդակությամբ համընկնում է. նա հաստատել էր, որ իր տատիկը հայուհի է։
Հայկական արմատները Դիարբեքիրից
Էրիկ Նիվային տված նույն հարցազրույցում Կալիսիրը ավելի մանրամասն պատմել է իր ընտանիքի պատմության մասին։ Նրա հայկական արմատները կապված են մայրական կողմի հետ։
Մորական տատն ու պապը բնակվել են Դիարբեքիրում (նախկին Տիգրանակերտ)՝ ներկայիս Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող քաղաքում, որը պատմականորեն տարածաշրջանի հայկական կյանքի կենտրոններից մեկն է եղել։
Կալիսիրը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների բարդ պատմությանը, այդ թվում՝ պատերազմներին և Հայոց ցեղասպանությանը։
Նա պատմել է, որ իր տատիկը, չնայած Թուրքիայում ապրելուն, պահպանել էր հայկական անունը։
Կալիսիրի մայրը տասը տարեկանում տեղափոխվել էր Շվեդիա։
Ինքը՝ պաշտպանը, ենթադրում էր, որ ընտանիքի տեղափոխության պատճառներից մեկը կարող էին լինել կրոնական հանգամանքները և ավելի հանգիստ պայմաններում ապրելու ցանկությունը։
Միաժամանակ նա չէր պնդում, թե հստակ գիտի բոլոր պատճառները, որոնց հետևանքով իր հարազատները որոշել էին հեռանալ Թուրքիայից։
Հետագայում Կալիսիրը ափսոսում էր, որ մանկության տարիներին բավարար ուշադրություն չէր դարձրել տատիկի՝ անցյալի մասին պատմություններին։
Այդ ժամանակ նա դեռ չէր հասկանում, թե որքան կարևոր կդառնան այդ հիշողություններն ապագայում։
Հայկական, ասորի-քրիստոնեական և թուրքական ավանդույթները
Կալիսիրը խոստովանել է, որ ամբողջ կյանքի ընթացքում իր համար հեշտ չի եղել միանշանակ սահմանել սեփական ինքնությունը։
Նա ծնվել և մեծացել է Շվեդիայում, դաստիարակվել շվեդական հասարակության մեջ, սակայն մանկուց իմացել է իր հայկական և ասորի-քրիստոնեական արմատների մասին։
Միաժամանակ ընտանիքում առկա էին նաև թուրքական մշակութային ավանդույթներ։ Մասնավորապես, նրա մայրը հաճախ թուրքական խոհանոցի ուտեստներ էր պատրաստում։
Այդ պատճառով թուրքական մշակույթը, չնայած ծնողների էթնիկ թուրք չլինելուն, նույնպես եղել է նրա դաստիարակության մի մասը։
Կալիսիրը պատմել է, որ երբեմն դժվարանում էր նույնիսկ հասկանալ ասորական, սիրիացի քրիստոնեական և արամեական ինքնությունների միջև եղած տարբերությունները։
Ընտանիքում դրան հանգիստ էին վերաբերվում և նրանից չէին պահանջում ընտրել միայն մեկ մշակույթ։
Տարիների ընթացքում ֆուտբոլիստը հասկացավ, որ իր ծագումը հնարավոր չէ սահմանափակել մեկ ազգությամբ։
Իր համար ամենամոտը նա համարում էր այն ինքնության բնորոշումը, որը միավորում էր ասորի-քրիստոնեական ու հայկական արմատները՝ Շվեդիայում ծնված և մեծացած լինելու հանգամանքի հետ։
Ինչու Կալիսիրը վերջնականապես ընտրեց Հայաստանի հավաքականը

Էրիկ Նիվայի հետ զրույցում պաշտպանը մանրամասն բացատրել է իր որոշման մարզական կողմը։
Սկզբում նա մտածում էր Շվեդիայի մեծահասակների հավաքականում հանդես գալու հեռանկարների մասին։
Սակայն 2018 թվականին նա արդեն 27 տարեկան էր, իսկ Շվեդիայի ազգային թիմում տեղ գտնելու համար մրցակցությունը շարունակում էր շատ բարձր մնալ։
Այդ պատճառով Կալիսիրը սկսեց ավելի լուրջ վերաբերվել Հայաստանի հավաքականում հանդես գալու հնարավորությանը։
Վճռորոշ դեր խաղաց ընտանիքի արձագանքը։
Երբ նա հարազատներին պատմեց պաշտոնական հրավերի մասին, նրանք այդ լուրն ընդունեցին հսկայական ոգևորությամբ։
Ֆուտբոլիստը հասկացավ, թե որքան կարևոր էր այդ հնարավորությունը ծնողների և ընտանիքի մյուս անդամների համար։
Նա ցանկանում էր նրանց պարգևել այդ զգացմունքները և հնարավորություն տալ տեսնելու իրենց հարազատին Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով։
Արդյունքում Հայաստանի հրավերն ընդունելու որոշումը նրա համար դարձավ բնական քայլ։
Առաջին այցը Երևան և ծանոթությունը պատմական հայրենիքի հետ
2018 թվականի սեպտեմբերին Կալիսիրն առաջին անգամ հայտնվեց Հայաստանում։
Նա խոստովանել է, որ այդ ուղևորությունը կարևոր փուլ դարձավ սեփական ընտանիքի պատմությունը բացահայտելու ճանապարհին։
Մինչև ազգային հավաքականում հանդես գալը հայկական արմատները կենտրոնական տեղ չէին զբաղեցնում նրա առօրյա կյանքում։
Սակայն հրավերից հետո նա սկսեց պատմական նյութեր կարդալ, հարցեր տալ հարազատներին և աստիճանաբար ավելի շատ տեղեկություններ ստանալ ընտանիքի ծագման մասին։
Հավաքների ընթացքում թիմակիցները նրան ցույց էին տալիս Երևանը և պատմում երկրում կյանքի մասին։
Ֆուտբոլիստն ուշադրություն էր դարձրել մայրաքաղաքի զարգացմանը և հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխություններին։
Նրա հիշողության մեջ հատկապես տպավորվել էր 2018 թվականի մթնոլորտը, երբ Հայաստանը ապրում էր Թավշյա հեղափոխությանը հաջորդած ժամանակաշրջանը։
Կալիսիրի տպավորությամբ՝ երկրում զգացվում էին փոփոխությունների սպասումն ու ավելի լավ ապագայի հույսը։
Տպավորությունները հայ երկրպագուներից
Հայաստանի հավաքականում հանդես գալու ևս մեկ առանձնահատկությունը երկրպագուների հուզական աջակցությունն էր։
Կալիսիրը խոստովանել է, որ նախկինում ազգային հավաքականի շուրջ նման մակարդակի հայրենասիրության չէր հանդիպել։
Նա պատմել է, որ արտագնա հանդիպումներից առաջ երկրպագուները երբեմն թմբուկներով և պիրոտեխնիկական միջոցներով գալիս էին օդանավակայան՝ ֆուտբոլիստներին ճանապարհելու։
Նույնիսկ այն ժամանակ, երբ տնային հանդիպումներին հավաքվում էր մոտ տասը հազար հանդիսական, մթնոլորտն այնպիսի տպավորություն էր ստեղծում, կարծես մարզադաշտում շատ ավելի մեծ թվով երկրպագուներ լինեին։
Պաշտպանի կարծիքով՝ հայերի համար ազգային հավաքականի ելույթներն առանձնահատուկ նշանակություն ունեն։
Հավաքականի արդյունքներն ընկալվում են ոչ միայն որպես մարզական հաջողություններ կամ անհաջողություններ, այլև որպես մարդկանց միավորող իրադարձություններ։
Իտալիայի դեմ հանդիպումները․ հպարտություն և ծանր պարտություն
Նիվային տված հարցազրույցում Կալիսիրը հիշել է Եվրո-2020-ի ընտրական փուլը, մասնավորապես՝ Իտալիայի դեմ հանդիպումները։
Նրա համար հատկապես հուզիչ իրադարձություն էր 2019 թվականի սեպտեմբերի 5-ին կայացած տնային հանդիպումը։
Խաղից առաջ Շվեդիայից Երևան էին ժամանել նրա ութ հարազատները։
Մարզադաշտում առանձնահատուկ մթնոլորտ էր տիրում, իսկ հանդիպման նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ֆուտբոլիստները փորձում էին լրացուցիչ տոմսեր գտնել իրենց մտերիմների համար։
Թեև Հայաստանը պարտվեց Իտալիային 1։3 հաշվով, Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկի դեմ խաղալու հնարավորությունն ինքնին կարևոր հիշողություն դարձավ Կալիսիրի համար։
Լիովին այլ զգացմունքներ առաջացրեց Իտալիայից արտագնա խաղում կրած 1։9 հաշվով պարտությունը։
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ նման արդյունքները հատկապես դժվար է տանել, երբ հասկանում ես, թե որքան մեծ նշանակություն ունի ազգային հավաքականն ամբողջ երկրի համար։
Ամենաանձնական պատմությունը․ տատիկը, որը չտեսավ նրան Հայաստանի հավաքականի մարզաշապիկով
Հարցազրույցի ամենահուզիչ հատվածներից մեկը Կալիսիրի պատմությունն էր իր տատիկի մասին։
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ շատ մտերիմ է եղել նրա հետ։
Սակայն մանկության տարիներին նա չէր հասկանում, թե որքան կարևոր է ավագ հարազատներին հարցուփորձ անել նրանց կյանքի, ծագման և ընտանիքի պատմության մասին։
Միայն մեծանալուց և Հայաստանի հավաքականում հանդես գալուց հետո Կալիսիրը զգաց սեփական արմատներն ավելի խորությամբ ուսումնասիրելու ցանկությունը։
Այդ ժամանակ տատիկն արդեն կենդանի չէր։
Նա ափսոսում էր, որ չէր հասցրել տատիկին բազմաթիվ հարցեր տալ։
Կալիսիրի կարծիքով՝ տատիկը շատ երջանիկ կլիներ, եթե իրեն տեսներ Հայաստանի ազգային հավաքականի կազմում։
Ֆուտբոլիստը նաև պատմել է, որ Հայաստան կատարած գրեթե յուրաքանչյուր այցի ժամանակ հարազատներից մեկը փորձում էր ուղեկցել իրեն։
Ընտանիքի համար այդ ուղևորությունները հնարավորություն էին ոչ միայն աջակցելու Անդրեին, այլև ծանոթանալու պատմական հայրենիքին։
Հենց այդ պատճառով Կալիսիրը Հայաստանի հավաքականում հանդես գալն ընկալում էր որպես ավելին, քան պարզապես մարզական կարիերա։
Այդ փորձառությունն օգնեց նրան ավելի լավ հասկանալ սեփական ընտանիքը և միավորել նրա պատմության տարբեր հատվածները։
2026 թվականի հունվարի 19․ Կարիերայի ավարտը և առանձնահատուկ հպարտությունը Հայաստանի համար
2026 թվականի հունվարի 19-ին շվեդական Fotbollskanalen-ը հրապարակեց Կալիսիրի՝ պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին հարցազրույցը։
Այդ պահին պաշտպանը 35 տարեկան էր։ Վնասվածքներով պայմանավորված ծանր ժամանակաշրջանից հետո նա որոշել էր ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։
Կալիսիրը պատմել է, որ 2024 թվականի վերջին ծնկի վիրահատության էր ենթարկվել, որից հետո նոր վնասվածքներ էր ստացել։
Վերականգնման ընթացքում նա վնասել էր սրունքի մկանը, ինչից հետո առաջացել էր ոտնաթաթի սթրեսային կոտրվածք, որի ապաքինումն ուղեկցվել էր բարդություններով։
Ֆուտբոլիստն ընդունել էր, որ օրգանիզմն այլևս թույլ չէր տալիս շարունակել կարիերան նախկին մակարդակով։
Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Կալիսիրը հանդես է եկել Շվեդիայում, Հունաստանում և Դանիայում։
Նա ներկայացրել է «Յուրգորդենը», «Յոնչյոպինգս Սյոդրան», «Գյոթեբորգը», հունական «Ապոլոն Սմիրնիսը», դանիական «Սիլկեբորգը» և «Բրոմապոյկարնան»։
Ակումբային նվաճումներից պաշտպանը առանձնացրել է «Գյոթեբորգի» հետ Շվեդիայի գավաթի հաղթանակը և «Սիլկեբորգի» հետ Դանիայի առաջնության բրոնզե մեդալները։
Սակայն նրա հիշողություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Հայաստանի ազգային հավաքականը։
Կալիսիրը շեշտել է, որ միջազգային կարիերայի շնորհիվ հնարավորություն է ստացել խաղալու Եվրոպայի առաջատար հավաքականների, այդ թվում՝ Իտալիայի և Գերմանիայի դեմ։
Նրա համար ոչ պակաս կարևոր էր հայ երկրպագուների առջև հանդես գալը։
Նա կրկին պատմել է ընտանիքի հպարտության մասին՝ կապված ազգային հավաքականում իր ելույթների հետ։
Ֆուտբոլիստի խոսքով՝ այդ զգացմունքները հարազատների հետ կիսելու հնարավորությունը դարձել է ամբողջ կարիերայի ամենակարևոր տպավորություններից մեկը։
Ընդհանուր առմամբ, Անդրե Կալիսիրը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 34 հանդիպում։
Կարիերան ավարտելուց հետո նա շարունակել է աշխատել ֆուտբոլում՝ զբաղեցնելով Շվեդիայի ֆուտբոլային միությունում ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը։
Կալիսիրը նշել է, որ ուրախ է մարզական միջավայրում մնալու և այժմ արդեն շվեդական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու հնարավորության համար։
Հայկական արմատների որոնումից մինչև 34 հանդիպում ազգային հավաքականում
Գրեթե տասը տարվա ընթացքում՝ Հայաստանի հավաքականում հանդես գալու հնարավորության մասին առաջին հրապարակային զրույցներից մինչև կարիերայի ավարտը, Անդրե Կալիսիրի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ զգալիորեն փոխվել է։
2017 թվականին նա Հայաստանի հավաքականն առաջին հերթին դիտարկում էր որպես միջազգային կարիերայի հնարավոր տարբերակներից մեկը։
Նա նախկինում ունեցել էր Թուրքիայի քաղաքացիություն, մեծացել էր Շվեդիայում և դեռ չէր այցելել Հայաստան։
Սակայն իր հայկական ծագումը երբեք գաղտնիք չէր եղել նրա համար։
Դրա մասին վկայում են ոչ միայն շվեդ լրագրողներին տված հարցազրույցները, այլև 2017 թվականի նոյեմբերին ինձ հետ ունեցած անձնական նամակագրությունը։
Դեռ այն ժամանակ Կալիսիրը բացահայտ խոսում էր իր հայ տատիկի մասին՝ պաշտոնական նորամուտից շատ առաջ։
Մի քանի ամիս անց նա ընդունեց Վարդան Մինասյանի հրավերը, իսկ հաջորդ տարիներին սկսեց աստիճանաբար բացահայտել իր նախնիների երկիրը, մշակույթն ու պատմությունը։
2020 թվականի ապրիլին Կալիսիրն ինքն էր շվեդ լրագրողին պատմել այն մարդու մասին, որը սոցիալական ցանցերի միջոցով գտել էր իրեն և հետաքրքրվել հայկական արմատներով։
Հայաստանի հավաքականը Կալիսիրի համար դարձավ ոչ թե պարզապես ֆուտբոլային թիմ, այլ շատ ավելի կարևոր մի բան։
Այն նրան հնարավորություն տվեց այցելելու մոր պատմական հայրենիք, ծանոթանալու հայկական մշակույթին, ավելի լավ ճանաչելու ընտանիքի պատմությունը և առանձնահատուկ զգացմունքներ պարգևելու հարազատներին։
Ի վերջո, Շվեդիայում ծնված, մի քանի մշակույթների ազդեցության ներքո մեծացած և թուրքական ազգանուն կրող ֆուտբոլիստը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող և ավարտեց կարիերան՝ այդ փորձառությունն անվանելով իր կյանքի ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը։
Հեղինակ՝ Վահե Հակոբյան, Sportaran
Նյութը պատրաստվել է Անդրե Կալիսիրի՝ Fotbollskanalen, FotbollDirekt, Aftonbladet և NEWS.am Sport պարբերականներին տված հարցազրույցների, ինչպես նաև 2017 թվականի նոյեմբերի 10–14-ին Instagram-ում ֆուտբոլիստի հետ հեղինակի ունեցած անձնական նամակագրության հիման վրա։