Ծանրամարտի ԱԱ-2026-ի երրորդ օրվա արդյունքները. Չինաստանը նվաճեց երկրորդ ոսկին, ԱՄՆ-ը կրկին մեկ քայլ հեռու մնաց հաղթանակից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 29-ին Չինաստանի Նինբո քաղաքում ավարտվեց ծանրամարտի 2026 թվականի աշխարհի առաջնության երրորդ մրցումային օրը։ Խաղարկվեց մեդալների մեկ հավաքածու՝ կանանց 53 կգ քաշային կարգում։
Աշխարհի չեմպիոն դարձավ Չինաստանի ներկայացուցիչ Չժան Հայցինը, որը լարված պայքարում ընդամենը մեկ կիլոգրամով գերազանցեց ամերիկուհի Միրանդա Ուլրեյին։ Բրոնզե մեդալը նվաճեց Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Սո Հյոնը։
Չինաստանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց սեփական հարկի տակ անցկացվող աշխարհի առաջնությունում
21-ամյա Չժան Հայցինը երկամարտում գրանցեց 221 կգ արդյունք (98 կգ՝ պոկում, 123 կգ՝ հրում)՝ Չինաստանի հավաքականին պարգևելով մրցաշարի երկրորդ ոսկե մեդալը։
Ամերիկուհի Միրանդա Ուլրեյը պոկեց 98 կգ և հրեց 122 կգ՝ երկամարտում հավաքելով 220 կգ։ 22-ամյա մարզուհու համար սա միջազգային կարիերայի լավագույն արդյունքն էր։
Ոսկե մեդալի ճակատագիրը որոշվեց վերջին մոտեցումներում։ Չինացի մարզուհին հաջողությամբ բարձրացրեց 123 կգ հրում վարժությունում՝ ապահովելով առավելություն մրցակցի նկատմամբ։ Այնուհետև նա փորձեց երկամարտում աշխարհի ռեկորդ սահմանել՝ պատվիրելով 126 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել ծանրաձողը։
Այսպիսով, ԱՄՆ-ի հավաքականն արդեն երկրորդ օրն անընդմեջ մեկ քայլ հեռու մնաց ոսկե մեդալից։ Նախորդ օրը ամերիկացի Հեմփթոն Մորիսը նույնպես արծաթե մեդալ էր նվաճել տղամարդկանց 65 կգ քաշային կարգում։
Բրոնզե մեդալակիր դարձավ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Սո Հյոնը, որը հանդես էր գալիս B խմբում։ Հյուսիսկորեացի մարզուհին երկամարտում հավաքեց 214 կգ և հրում վարժությունում 123 կգ արդյունքով նվաճեց առանձին ոսկե մեդալ։
Հատկանշական էր նաև թաիլանդցի Սուրոդչանա Խամբաոյի ելույթը։ Նա 12 կգ-ով բարելավեց անձնական ռեկորդը և զբաղեցրեց չորրորդ տեղը։ Իսկ Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ռումինացի Միհաելա Կամբեյը մրցումներն ավարտեց ընդամենը յոթերորդ հորիզոնականում։
ԱԱ-2026-ի երրորդ օրվա արդյունքները. կանայք, 53 կգ
Պոկում
-
Չժան Հայցին (Չինաստան) — 98 կգ
-
Միրանդա Ուլրեյ (ԱՄՆ) — 98 կգ
-
Ռոզեգի Ռամոս (Ֆիլիպիններ) — 97 կգ
Հրում
-
Կիմ Սո Հյոն (Հյուսիսային Կորեա) — 123 կգ
-
Չժան Հայցին (Չինաստան) — 123 կգ
-
Միրանդա Ուլրեյ (ԱՄՆ) — 122 կգ
Երկամարտ
-
Չժան Հայցին (Չինաստան) — 221 կգ
-
Միրանդա Ուլրեյ (ԱՄՆ) — 220 կգ
-
Կիմ Սո Հյոն (Հյուսիսային Կորեա) — 214 կգ
-
Սուրոդչանա Խամբաո (Թաիլանդ) — 212 կգ
-
Ռոզեգի Ռամոս (Ֆիլիպիններ) — 211 կգ
-
Նիգորա Աբդուլաևա (Ուզբեկստան) — 201 կգ
-
Միհաելա Կամբեյ (Ռումինիա) — 200 կգ
Ծանրամարտի 2026 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվում է Նինբոյում հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը։ Առջևում մյուս քաշային կարգերի մրցումներն են, որոնց կմասնակցեն նաև Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները։