Օլեգ Պոլյակովն ավարտել է կարիերան «Ուրարտուում» անցկացրած վեց մրցաշրջանից հետո
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական ֆուտբոլի ամենահավատարիմ լեգեոներներից մեկը՝ Օլեգ Պոլյակովը, հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։ 35-ամյա կիսապաշտպանի վերջին ակումբը Երևանի «Ուրարտուն» էր։
Պոլյակովը «Ուրարտուի» կազմում անցկացրել է վեց մրցաշրջան։ Այդ ընթացքում նա մասնակցել է 163 հանդիպման, խփել 16 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։
Ռուս կիսապաշտպանը երևանյան ակումբի հետ հասել է իր կարիերայի գլխավոր հաջողություններին։ 2022/23 մրցաշրջանում «Ուրարտուն» ձևակերպել է ոսկե դուբլ՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
Կարիերան ավարտելու պահին Պոլյակովը «Ուրարտուի» լեգեոներների շրջանում անցկացրած հանդիպումների քանակով ակումբի ռեկորդակիրն է։
Մինչև Հայաստան տեղափոխվելը ֆուտբոլիստը հանդես է եկել բացառապես Ռուսաստանում։ Իր հայրենիքում նրա կարիերայի ամենահիշարժան շրջանը կապված է «Արմավիրի» հետ։
Կարիերան ավարտելու որոշման մասին Պոլյակովն անձամբ հայտնել է «Ուրարտուի» սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում։ Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել ակումբին, թիմակիցներին և երկրպագուներին՝ Հայաստանում անցկացրած տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար։