Պաշտոնական․ Յայա Տուրեն դարձել է «Սլովանի» գլխավոր մարզիչը և կաշխատի Տիգրան Բարսեղյանի հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բրատիսլավայի «Սլովանը» պաշտոնապես հայտարարել է Յայա Տուրեին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 43-ամյա իվուարցի մասնագետը սլովակյան ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։
Տուրեի համար սա մարզչական կարիերայի նոր կարևոր փուլ է։ Նախկինում նա իր սերնդի լավագույն կիսապաշտպաններից մեկն էր, հանդես է եկել «Բարսելոնայում» և «Մանչեսթեր Սիթիում», իսկ կարիերան ավարտելուց հետո սկսել է մարզչական աշխատանքը։ Ավելի վաղ նա աշխատել է «Տոտենհեմի» ակադեմիայում, ինչպես նաև եղել է Ռոբերտո Մանչինիի օգնականը Սաուդյան Արաբիայի հավաքականում։
Այժմ Յայա Տուրեն կգլխավորի Սլովակիայի ամենատիտղոսակիր ակումբը՝ երկրի 32-ակի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին ավագ Տիգրան Բարսեղյանը։
Տուրեի նշանակումը նոր էջ է բացում նաև Բարսեղյանի համար։ Վերջին տարիներին հայ կիսապաշտպանը թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն էր Վլադիմիր Վայս ավագի գլխավորությամբ։ Վայսի օրոք «Սլովանը» վեց մրցաշրջան անընդմեջ դարձել է Սլովակիայի չեմպիոն, իսկ Բարսեղյանը պարբերաբար տեղ էր ստանում մեկնարկային կազմում և կարևոր դեր էր խաղում բրատիսլավյան ակումբի հարձակման գծում։
Սակայն նոր մարզչի գալով թիմում իրավիճակը կարող է փոխվել։ Տիգրան Բարսեղյանը, ինչպես նաև «Սլովանի» մյուս առաջատարները, պետք է նորից ապացուցեն իրենց կարևորությունը արդեն Յայա Տուրեի համակարգում։
Ակումբի գլխավոր տնօրեն Իվան Կմոտրիկ կրտսերը նշել է, որ ղեկավարությունը փնտրում էր մասնագետի, որը ծանոթ է ամենաբարձր մակարդակի ֆուտբոլին և միևնույն ժամանակ մեծ մոտիվացիա ունի իրեն դրսևորելու գլխավոր մարզչի դերում։
Կմոտրիկի խոսքով՝ Տուրեի հետ բանակցությունները շատ ուժեղ տպավորություն են թողել ակումբի վրա, իսկ կողմերը արագ հասկացել են, որ ունեն «Սլովանի» ապագայի վերաբերյալ նմանատիպ տեսլական։
Բրատիսլավյան ակումբի նոր դարաշրջանը կմեկնարկի առաջիկա օրերին։ Յայա Տուրեի առջև դրված է «Սլովանի» գերիշխանությունը Սլովակիայի առաջնությունում պահպանելու և եվրոպական ասպարեզում հաջող հանդես գալու խնդիրը։