Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղից առաջ. «Մենք մեծ կորուստներ ունենք, բայց պատրաստ ենք հաղթելու»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և ազգային թիմի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը մասնակցել են Ազգերի լիգայի երրորդ տուրի՝ Կիպրոսի դեմ հանդիպմանը նախորդող մամուլի ասուլիսին։
Կիպրոս — Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին Նիկոսիայում։ Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը C2 խմբում երեք միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ Կիպրոսը մեկ միավորով երրորդն է։
Մամուլի ասուլիս՝ Կիպրոս — Հայաստան հանդիպումից առաջ
Կառլեն Հովհաննիսյան
— Հասցրե՞լ է թիմը վերականգնվել նախորդ երկու հանդիպումներից հետո և որքանո՞վ եք պատրաստ Կիպրոսի դեմ խաղին։
— Ութ օրում երեք հանդիպում անցկացնելը շատ դժվար է։ Բայց մեր հավաքականը պատրաստ է, և առաջիկա խաղում խաղալու ենք միայն հաղթանակի համար։ Կարծում եմ՝ ֆիզիկապես թիմը պատրաստ է։
— Հավաքականն այս հանդիպումներին մոտեցել է կադրային մեծ կորուստներով։ Զգացվո՞ւմ է այդ ֆուտբոլիստների բացակայությունը։
— Իհարկե։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ շատ կարևոր է Հայաստանի հավաքականի համար, և ցանկացած խաղացողի բացակայությունը զգացվում է։ Բայց մենք կարող ենք դա փոխհատուցել և աշխատում ենք այդ ուղղությամբ։
— Ի՞նչ տրամադրություն է թիմում Չեռնոգորիայից կրած պարտությունից հետո։
— Մարտական տրամադրություն ունենք։ Գնում ենք միայն հաղթանակի համար։ Լավ թիմ է հավաքվել, և ես զգում եմ, որ այս հավաքականն ու այս ֆուտբոլիստները մեծ ապագա ունեն։
Եղիշե Մելիքյան
— Որքանո՞վ է հաջողվել պատրաստել թիմին հանդիպմանը՝ հաշվի առնելով կադրային կորուստները, և ի՞նչ եք սպասում Կիպրոսի դեմ խաղից։
— Մենք իսկապես մեծ կորուստներ ունենք։ Հավաքականի տասը կարևոր ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն։ Այդ տասը խաղացողներն իսկապես շատ կարևոր են թիմի համար։ Եթե ինչ-որ մեկը դրան չի հավատում, ավելի ուշ Երևանում կարող եմ ամեն ինչ մանրամասն բացատրել։
Միևնույն ժամանակ մենք կարող ենք մրցունակ թիմ հավաքել և փոխհատուցել կորուստները։ Այս հանգամանքների պատճառով հույսը չենք կորցնում և պատրաստ ենք հաղթելու։
Մենք հասկանում ենք, որ խնդիրներ ունենք և փորձում ենք դրանք լուծել, բայց դա որպես արդարացում չենք օգտագործում։ Սրանք տարբեր բաներ են։
Չեռնոգորիայից ցավալի պարտություն կրեցինք։ Խաղից հետո անհատապես աշխատել ենք ֆուտբոլիստների հետ, փորձել ենք հոգեբանորեն պատրաստել նրանց հաջորդ հանդիպմանը։ Վաղվա համար թիմին կբերենք մարտական վիճակի։
— Հոգեբանական ի՞նչ վիճակում է հիմա թիմը։
— Պարտությունը շատ ծանր տարանք։ Ես տեսա, թե որքան էին տխրել երկրպագուները, իսկ ֆուտբոլիստները, հավանաբար, տասն անգամ ավելի ծանր էին տանում։
Բայց մենք պրոֆեսիոնալներ ենք։ Պետք է աշխատենք դրա վրա, նորից ոտքի կանգնենք և պայքարենք հաջորդ խաղում։ Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ պարտությունը թողնենք անցյալում և վաղը խաղանք երեք միավորի համար։
— Ի՞նչ կարող եք ասել Կիպրոսի հավաքականի և նրա ամենավտանգավոր կողմերի մասին։
— Մենք լավ ուսումնասիրել ենք մրցակցին։ Նրանք ուժեղ ֆուտբոլիստներ ունեն։ Թիմի ավագը շատ լավ խաղացող է։ Անգլիայում հանդես եկող աջ վինգեր Մարկուս Էդվարդսը անհատապես շատ ուժեղ է։ Ձախ եզրում հանդես է գալիս Լոիզուն, որը ներկայացնում է «Ցրվենա Զվեզդան»։ Ունեն նաև լավ կենտրոնական հարձակվող։
Կիպրոսի հավաքականն ունի իր խաղաոճը։ Լատվիայի դեմ խաղում նրանց մի փոքր չբավականացրեց հաջողությունը․ խաղային առումով մեծ առավելություն ունեին։ Մենք լավ վերլուծել ենք նրանց գործողությունները։
— Օգնեն Չանչարևիչը և Ժիրայր Շաղոյանը չեն ընդգրկվել հանդիպման հայտացուցակում։ Արդյո՞ք դա կապված է Չեռնոգորիայի դեմ նրանց անհաջող խաղի հետ։
— Հավանաբար սա այսօրվա ամենասուր հարցն է, ուստի ամեն ինչ կբացատրեմ։
Եթե խոսում ենք Չանչարևիչի անհաջող խաղի մասին, ապա, օրինակ, Հենրի Ավագյանը հավաքականի կազմում վեց հանդիպում է անցկացրել, և բոլոր վեցում մենք պարտվել ենք։ Եթե ամեն պարտությունից հետո հրաժարվեինք ֆուտբոլիստներից, ապա վաղուց կարող էինք հրաժարվել նաև Ավագյանից։ Բայց մենք այդպես չենք վարվում։
Չանչարևիչը վերջին շրջանում չորս հանդիպում է անցկացրել՝ երկու հաղթանակ, մեկ ոչ-ոքի և մեկ պարտություն։ Մենք իրավիճակին այդպես չենք նայում և չենք հրաժարվում ոչ Ավագյանից, ոչ Չանչարևիչից։
Պարզապես Չանչարևիչը վնասվածք է ստացել և այդ պատճառով չի կարողանա խաղալ։ Պետք չէ դրա շուրջ ավելորդ խոսակցություններ ու ինտրիգներ ստեղծել։
Այո, ես կարող եմ դժգոհ լինել նրա խաղից։ Կան նաև այլ ֆուտբոլիստներ, որոնց ելույթներից դժգոհ եմ։ Բայց ամեն անհաջող խաղից հետո չի կարելի հրաժարվել խաղացողից։ Եթե ես սկսեմ այդպես վարվել, մեզ մոտ պարզապես ֆուտբոլիստներ չեն մնա։ Մենք Իսպանիան չենք։ Պետք է աշխատել ֆուտբոլիստների հետ և շարունակել խաղալ։
Գիտեմ, որ շատերը դժգոհ են մնացել Չանչարևիչի խաղից և կարող են քննադատել նրան, բայց դա չպետք է ազդի իմ ընտրության վրա։ Ես եմ որոշում, թե ով պետք է լինի հավաքականում, իսկ ով՝ ոչ։
Միևնույն ժամանակ նորմալ եմ համարում, որ խաղը դիտած քաղաքական գործիչները նույնպես քննադատում են ֆուտբոլիստներին։ Դա նշանակում է, որ հավաքականը նրանց համար անտարբեր չէ, և դա ամենակարևորն է։ Նրանք իրավունք ունեն հայտնել իրենց անձնական կարծիքը։ Թող հաղթանակներից հետո մեզ գովեն, պարտություններից հետո՝ քննադատեն։ Ինձ դա դուր է գալիս։ Բայց նման հայտարարությունները չեն ազդի իմ որոշումների վրա։
Ինչ վերաբերում է Շաղոյանին, ապա նրա բացակայությունը հայտացուցակից կապված է ռոտացիայի հետ։ Մինչ այդ հայտացուցակում չէին ընդգրկվել Կարեն Նալբանդյանը և Նարեկ Աղասարյանը։ Մենք ի սկզբանե նման ծրագիր ունեինք՝ առաջին երկու հանդիպումներում օգտագործել Շաղոյանին, իսկ հետո հնարավորություն տալ մյուս ֆուտբոլիստներին։
Սա սովորական ռոտացիա է։ Մենք հավաքական ենք հրավիրել ավելի շատ ֆուտբոլիստների, քան հնարավոր է ընդգրկել մեկ հանդիպման հայտացուցակում, հենց այն պատճառով, որպեսզի յուրաքանչյուր խաղից առաջ փոփոխություններ կատարենք։
Մեկ վատ խաղի պատճառով մենք ոչ մեկից չենք հրաժարվել, այդ թվում՝ Ժիրայր Շաղոյանից։