Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդեռլանդներին և դուրս եկավ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մարոկկոյի հավաքականը դուրս եկավ 2026 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ՝ փլեյ-օֆֆի դրամատիկ խաղում հաղթելով Նիդեռլանդներին։
Մոնտերեյում կայացած հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Լարված առաջին խաղակեսից հետո երկրորդ կեսում խաղն ավելի ակտիվ ընթացք ստացավ։ 72-րդ րոպեին Կոդի Գակպոն առաջ մղեց Նիդեռլանդների հավաքականին, սակայն մարոկկացիները կարողացան փրկել հանդիպումը վերջնամասում։
92-րդ րոպեին կենտրոնական պաշտպան Իսա Դիոպը գլխի հարվածով գրավեց դարպասը և հավասարեցրեց հաշիվը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ Օվերթայմի 30 րոպեների ընթացքում թիմերը չկարողացան պարզել հաղթողին, և ուղեգրի ճակատագիրը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում։
Հետխաղյա 11-մետրանոցներում ավելի դիպուկ գտնվեց Մարոկկոյի հավաքականը՝ 3:2։ Վճռորոշ դրվագներից մեկը դարձավ Յասին Բունուի սեյվը Կրիսենսիո Սամերվիլի հարվածից հետո։ Դրանից հետո Իսմայել Սաիբարին իրացրեց վճռորոշ 11-մետրանոցը և հաղթանակ պարգևեց «Ատլասի առյուծներին»։
Այսպիսով, Մարոկկոն շարունակում է ելույթները աշխարհի առաջնությունում և 1/8 եզրափակիչում կմրցի Կանադայի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին Հյուսթոնում։