Մանուել Տուլիպա․ «Մենք ոչ-ոքիի համար չենք պատրաստվում։ Մեր նպատակը «Սպարտային» հաղթելն է»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանում կայացել է Եվրոպայի լիգայի լիգային փուլի առաջին տուրի «Արարատ-Արմենիա» — Պրահայի «Սպարտա» հանդիպմանը նվիրված նախախաղային մամուլի ասուլիսը։
Լրագրողների հարցերին պատասխանել է հայկական ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան։ Պորտուգալացի մասնագետը խոսել է հանդիպման նախապատրաստության, մրցակցի ուժեղ կողմերի, Արթուր Սերոբյանի առաջիկա տրանսֆերի, երկրպագուների աջակցության կարևորության և նախորդ մրցաշրջանում «Սպարտայից» կրած պարտության համար ռևանշի հասնելու մոտիվացիայի մասին։
Մանուել Տուլիպայի մամուլի ասուլիսը «Արարատ-Արմենիա» — «Սպարտա» խաղից առաջ
— Պարոն Տուլիպա, վերջապես եկել է այն պահը, երբ «Արարատ-Արմենիան» հանդես կգա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում։ Ինչի՞ հաշվին ձեր թիմը կարող է չեզոքացնել «Սպարտայի» առավելությունը ռեսուրսների առումով և դրական արդյունքի հասնել։
— Մեկ տարի առաջ մենք խաղացինք «Սպարտայի» դեմ և չկարողացանք հաղթել։ Սակայն դրանից հետո մեզ համար լավ շրջան սկսվեց․ մենք հաղթեցինք առաջնությունում և նվաճեցինք Եվրոպայի լիգայի ուղեգիր։
Մեր առավելությունը պետք է լինի այն ճանապարհը, որը մենք անցել ենք այստեղ հասնելու համար։ Մենք մեծ աշխատանք ենք կատարել, հաղթել տարբեր երկրների չեմպիոնների։ Առաջին հերթին սա ֆուտբոլիստների արժանիքն է, որոնց շնորհիվ մենք այստեղ ենք, ինչպես նաև մեր երկրպագուների՝ թե՛ ակումբի, թե՛ ամբողջ երկրի։
Բայց այս մակարդակին հասնելով՝ պետք է հասկանանք, որ պարտավոր ենք համապատասխանել դրան։ Պետք է նաև հաշվի առնենք նախորդ տարվա՝ «Սպարտայի» դեմ հանդիպումները, հատկապես Պրահայում կայացած խաղը։ Հիշում եմ, որ այդ ժամանակ մենք ընդամենը տասը րոպե կորցրինք կենտրոնացումը և պարտվեցինք։ Այս մակարդակում չի կարելի կորցնել կենտրոնացումն ու խաղի նկատմամբ վերահսկողությունը։
— Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Արթուր Սերոբյանը ձմռանը կլքի թիմը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ տրանսֆերը, և կարո՞ղ է այն ազդել ֆուտբոլիստի մոտիվացիայի վրա։
— Տրանսֆերների վերաբերյալ որոշումներ ես չեմ ընդունում։ Այդ որոշումներն ընդունում է ակումբը։ Ֆուտբոլիստին վաճառելու հնարավորություն առաջացավ, և տրանսֆերը կայացավ։
Արթուր Սերոբյանը շատ լավ հանդես եկավ նախորդ մրցաշրջանում և ճանաչվեց Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Ես հասկանում եմ ձեր հարցը, բայց չեմ կասկածում, որ մինչև մեր թիմում անցկացրած վերջին օրը Արթուրը առավելագույնը կանի և ամբողջությամբ կնվիրվի ակումբին։
— Եթե նայենք թիմերի դիրքերին ներքին առաջնություններում, ապա «Արարատ-Արմենիան» այժմ ավելի բարենպաստ իրավիճակում է։ Որքանո՞վ է դա կարևոր առաջիկա խաղից առաջ։
— Ես դիտել եմ «Սպարտայի» հանդիպումները։ Այո, հիմա նրանք լավագույն շրջանը չեն անցկացնում, բայց դա հասկանալի է։ Թիմի կազմում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, իսկ նորեկները դեռ ադապտացիայի փուլում են։
Ես հասկանում եմ նրանց գլխավոր մարզիչ Բրայան Պրիսկեին․ նրան նույնպես ժամանակ է անհրաժեշտ։ Մենք՝ մարզիչներս, կախարդներ չենք։ Մենք այս ամենը հաշվի ենք առել, ուսումնասիրել ենք նրանց խաղը և պատրաստ ենք հանդիպմանը։
— Ի՞նչ խորհուրդ կտաք երկրպագուներին խաղից առաջ։
— Սա շատ կարևոր հանդիպում է ոչ միայն մեզ, այլև ամբողջ հայկական ֆուտբոլի համար։ Կոչ եմ անում բոլորին գալ մարզադաշտ և աջակցել մեզ։ Միասին մենք ավելի ուժեղ կլինենք։
Վաղը հանդիպման ընթացքում մենք հաստատ դժվարություններ կունենանք, և նման պահերին մեզ անհրաժեշտ կլինի երկրպագուների օգնությունը։
— Մրցակցի կազմում ո՞ր ֆուտբոլիստներին կարող եք առանձնացնել։
— Չեմ ուզում առանձնացնել կոնկրետ ֆուտբոլիստների, բայց կարող եմ ասել, որ «Սպարտայի» հարձակման գիծը շատ ուժեղ է։ Առջևում գործող բոլոր չորս ֆուտբոլիստները բարձր մակարդակ ունեն։
Նրանք բոլորը մասնակցում են գրոհների կառուցմանը, իսկ կենտրոնական հարձակվողը հաճախ հետ է քաշվում և մասնակցում գնդակի խաղարկմանը։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք նրանց հարձակվողական ֆուտբոլիստների նկատմամբ։
— Առաջին խաղում ոչ-ոքին ձեզ համար դրական արդյո՞ւնք կլինի։
— Իհարկե, մենք հասկանում ենք մրցակցի ուժը։ Բայց մեր խնդիրն է գտնել նրա թույլ կողմերն ու հաղթել։
Չեմ կարող ասել, որ թիմին պատրաստել եմ ոչ-ոքիի հասնելու համար։ Մեր գլխավոր նպատակը հաղթանակն է։
— Նախորդ մրցաշրջանում «Սպարտայի» դեմ անցկացրած երկու հանդիպումների փորձը կօգնի՞ ձեր թիմին։
— Այդ հանդիպումների մասին հիշողությունները դեռ շատ թարմ են։ Բայց այդ պահից ի վեր շատ բան է փոխվել։
«Սպարտան» այժմ բոլորովին այլ թիմ է խաղաոճի տեսանկյունից։ Եվ կարող եմ ասել, որ նրանք ավելի լավն են դարձել՝ չնայած վերջին ոչ այնքան հաջող արդյունքներին։
Մենք պետք է պատրաստ լինենք։ Նրանք անհատական առումով ուժեղացել են և առաջընթաց գրանցել ֆիզիկական պատրաստվածության հարցում։ Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում։
— Ձեզ՝ որպես մարզչի, լրացուցիչ մոտիվացիա տալի՞ս է մրցակցի մարզչից ռևանշ վերցնելու ցանկությունը՝ հաշվի առնելով, որ, ի տարբերություն կազմի, «Սպարտայի» գլխավոր մարզիչը չի փոխվել։
— Կարող եմ հավաստիացնել, որ մոտիվացիայի հետ կապված որևէ խնդիր չունենք։ Իհարկե, նախորդ տարվա պարտությունից հետո ես շատ եմ ցանկանում հաղթել և ռևանշ վերցնել։
Կրկին ուզում եմ ընդգծել ֆուտբոլիստների արժանիքն ու այն ճանապարհը, որը մենք անցել ենք։ Մենք հաղթել ենք տարբեր երկրների չեմպիոնների, այդ թվում՝ Ռումինիայի չեմպիոնին, և հիմա խաղում ենք այստեղ։ Այս ամենը պատահական չի եղել, ուստի մեր մոտիվացիան առավելագույնն է։ Մենք ցանկանում ենք հաղթել։
Բայց ես նաև ցանկանում եմ, որ մարզական արդյունքից բացի բոլորս հաճույք ստանանք խաղից։ Այս մրցաշրջանում Եվրոպայի լիգայում առաջին հերթին ցանկանում ենք սովորել և փորձել մեզ բոլորովին այլ մակարդակում։
Գլխավորն այն է, որ նման հանդիպումներն ու այս մակարդակում մասնակցությունը մեզ համար սովորական դառնան և չմնան պարզապես պատմական իրադարձություն։ Սա պետք է «Արարատ-Արմենիայի» համար դառնա սովորական երևույթ։
Արմեն Համբարձումյան․ «Մենք ավելի լավն ենք դարձել։ Ցանկանում ենք ռևանշ վերցնել «Սպարտայից»»
«Սպարտան» խնդիրներով է ժամանել Երևան․ ինչ է կատարվում «Արարատ-Արմենիայի» մրցակցի մոտ