Ալինա Չարաևան դուրս է եկել Կուրմայորի մրցաշարի կիսաեզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան դուրս է եկել Իտալիայի Կուրմայոր քաղաքում անցկացվող թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հոկտեմբերի 30-ին կայացած քառորդ եզրափակչում նա երկու սեթում հաղթել է իսպանուհի Մարինա Բասոլս-Ռիբերային՝ 6:4, 6:4 հաշվով։
WTA-ի վարկանիշային աղյուսակում 100-րդ տեղը զբաղեցնող Չարաևայի համար սա երրորդ անընդմեջ հաղթանակն էր մրցաշարում։
Կուրմայորում Հայաստանի ներկայացուցիչն իր ելույթները սկսել էր իտալուհի Էնոլա Կիեզայի նկատմամբ հաղթանակով, որից հետո առավելության էր հասել չեխուհի Գաբրիելա Կնուտսոնի նկատմամբ։ Բասոլս-Ռիբերայի դեմ խաղում հաջողությունը նրան թույլ տվեց տեղ ապահովել մրցաշարի լավագույն քառյակում։
Հաջորդ խաղում Չարաևան կպայքարի եզրափակչի ուղեգրի համար։