Լեոն Շահբազյանը երկրորդ անընդմեջ վաղաժամ պարտությունը կրեց UFC-ում․ Նիկո Փրայսը հաղթեց տեխնիկական նոկաուտով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ խառը մենամարտերի մարտիկ Լեոն Շահբազյանը (12-6) պարտություն կրեց 37-ամյա ամերիկացի Նիկո Փրայսից (17-11)։ Մենամարտն ավարտվեց արդեն առաջին ռաունդում՝ Փրայսի հաղթանակով տեխնիկական նոկաուտով։
Էդմեն Շահբազյանի ավագ եղբոր համար սա երկրորդ մենամարտն էր աշխարհի խառը մենամարտերի ամենահեղինակավոր կազմակերպությունում՝ UFC-ում։ Ցավոք, հայ մարզիկը կրկին չկարողացավ հաղթանակ տոնել՝ կրելով երկրորդ անընդմեջ վաղաժամ պարտությունը։
Ամերիկացին այս մենամարտին մոտեցել էր չորս անընդմեջ պարտությունների անհաջող շարքից հետո, սակայն կարողացավ ընդհատել այն՝ վստահ հաղթանակ տանելով Շահբազյանի նկատմամբ։
Մենամարտի վիճակագրությունը նույնպես վկայում է Փրայսի զգալի առավելության մասին։ UFC-ի պաշտոնական տվյալներով՝ ամերիկացին 72 հարվածից 48-ը հասցրել է նշանակետին, այդ թվում՝ 60 նշանակալի հարվածներից 40-ը։ Շահբազյանը ողջ մենամարտի ընթացքում կատարել է ընդամենը մեկ հարված, որը չի հասել նշանակետին։
Բացի այդ, հայ մարտիկը կատարել է մրցակցին գետնին տեղափոխելու երկու անհաջող փորձ, մինչդեռ Փրայսը պարտերում վերահսկել է մրցակցին 1 րոպե 30 վայրկյան։
Այսպիսով, Լեոն Շահբազյանը դեռևս հաղթանակ չունի UFC-ում, իսկ նրա պրոֆեսիոնալ կարիերայի ցուցանիշն այժմ կազմում է 12 հաղթանակ և 6 պարտություն։ Նիկո Փրայսի համար այս հաղթանակն առաջինն էր չորս անընդմեջ անհաջող ելույթներից հետո։