Կիպրոսը Հայաստանի դեմ խաղից առաջ զրկվել է Լաիֆիսից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կիպրոսի հավաքականը լուրջ կորուստ է կրել Ազգերի լիգայի երրորդ տուրի՝ Հայաստանի դեմ հանդիպումից առաջ։ Թիմի գլխավոր մարզիչ Ապոստոլոս Մանցիոսը հաստատել է, որ կենտրոնական պաշտպան Կոնստանտինոս Լաիֆիսը վնասվածքի պատճառով չի մասնակցի հանդիպմանը։
Ավելի վաղ 32-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը հարցականի տակ էր, սակայն այժմ նրա բացակայությունը վերջնականապես հաստատվել է։
Այսպիսով, Հայաստանի դեմ խաղից առաջ Կիպրոսի հավաքականը մնացել է միանգամից երեք պաշտպանի առանց։ Լաիֆիսից բացի հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնեն Կոնստանտինոս Սոտիրիուն և Նիկոլաս Ցարուլլան։ Կադրային խնդիրների պատճառով Մանցիոսը ստիպված կլինի զգալի փոփոխություններ կատարել պաշտպանության գծում։
Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Կիպրոսի հավաքականի գլխավոր մարզիչը բարձր է գնահատել մրցակցին՝ Հայաստանի հավաքականին անվանելով տեխնիկապես ուժեղ և որակյալ թիմ։
«Մեզ սպասվում է հանդիպում շատ լավ, տեխնիկապես ուժեղ և որակյալ թիմի դեմ։ Առջևում երկու հանդիպում ունենք, և երկուսում էլ ցանկանում ենք առավելագույն արդյունքի հասնել։ Նախորդ խաղում մեր թիմը չստացավ այն, ինչին արժանի էր, սակայն վերջում կարևոր են վաստակած միավորները։ Մենք պետք է հաղթենք Հայաստանին, եթե ցանկանում ենք պահպանել մեր առջև դրված նպատակներին հասնելու հնարավորությունները», — ասել է Մանցիոսը։
Կիպրոսի հավաքականի գլխավոր մարզիչը նաև նշել է, որ չի սպասում, որ Եղիշե Մելիքյանի թիմը միայն պաշտպանողական ֆուտբոլ կխաղա։
«Չեմ կարծում, որ մրցակիցը պաշտպանողական խաղ կընտրի։ Սակայն մեզ համար ամենակարևորն այն է, թե ինչպես կխաղանք մենք», — հավելել է մասնագետը։
Մանցիոսը նաև դիմել է երկրպագուներին՝ կոչ անելով ավելի ակտիվ աջակցել ազգային հավաքականին։
«Մեզ պետք են երկրպագուները, մենք նրանց աջակցության կարիքն ունենք։ Նրանք պետք է թիմի կողքին լինեն և՛ լավ, և՛ վատ պահերին», — ընդգծել է գլխավոր մարզիչը։
Մամուլի ասուլիսին մասնակցել է նաև Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստ Պանայոտիս Անդրեուն։ Նրա խոսքով՝ թիմը նպատակ ունի առաջիկա երկու հանդիպումներում վաստակել վեց միավոր։
«Մենք ցանկանում ենք երեքական միավոր վաստակել երկու խաղերում էլ։ Մենք ոչ մեկից չենք վախենում և պետք է լավ պատրաստվենք, որպեսզի հաղթանակի հասնենք։ Նախորդ խաղում բավականաչափ հարվածներ և պահեր ունեցանք, մեզ պակասեց միայն գոլը», — ասել է Անդրեուն։
Կիպրոս — Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին Նիկոսիայի GSP մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։