Կարեն Խաչանովը երեք թայ-բրեյքով դրամատիկ հաղթանակ տարավ և դուրս եկավ Շանհայի «Մասթերսի» 1/16 եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական ծագումով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը (ATP 27) դժվարին հաղթանակ տարավ բրիտանացի Արթուր Ֆերիի (ATP 37) նկատմամբ Շանհայում ընթացող ATP Masters 1000 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում։
Հոկտեմբերի 9-ին կայացած հանդիպումը տևեց 3 ժամ 33 րոպե և ավարտվեց Խաչանովի հաղթանակով երեք սեթում՝ 7:6 (8:6), 6:7 (5:7), 7:6 (7:2) հաշվով։
Հանդիպումն անցավ բացառիկ լարված պայքարում։ Երեք սեթերից յուրաքանչյուրի հաղթողը որոշվեց միայն թայ-բրեյքում։
Առաջին սեթում Խաչանովը կարողացավ առավելության հասնել թայ-բրեյքում՝ 8:6 հաշվով, սակայն երկրորդ սեթում բրիտանացի թենիսիստը վերականգնեց հավասարակշռությունը՝ թայ-բրեյքում հաղթելով 7:5 հաշվով։
Հանդիպման ելքը վճռվեց երրորդ սեթում, որտեղ մրցակիցները կրկին հասան թայ-բրեյքի։ Այս անգամ Խաչանովը վստահ անցկացրեց վճռորոշ հատվածը՝ հաղթելով 7:2 հաշվով և ապահովելով հաջորդ փուլի ուղեգիրը։
1/16 եզրափակիչում 30-ամյա Խաչանովը կմրցի փորձառու ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ, որը հունիսին դարձավ 38 տարեկան։
Թենիսիստների անձնական հանդիպումների վիճակագրությունը Խաչանովի օգտին է։ Կարենը հաղթել է ֆրանսիացու դեմ վերջին հինգ հանդիպումներում, այդ թվում՝ 2025 թվականի Australian Open-ում, որտեղ առավելության էր հասել երեք սեթում՝ 7:6, 6:3, 6:3 հաշվով։
Մանարինոյից իր միակ պարտությունը Խաչանովը կրել է դեռևս 2015 թվականին՝ «Չելենջեր» շարքի մրցաշարում։
Շանհայի ATP Masters 1000 մրցաշարն անցկացվում է հոկտեմբերի 7-ից 18-ը՝ կոշտ ծածկույթով կորտերում։