Գրանտ-Լեոն Ռանոսը գոլ է խփել Թեներիֆեում իր նորամուտի խաղում (տեսանյութ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ դարձավ «Տեներիֆեի» կազմում իր առաջին խաղում։
Սեգունդայի 8-րդ տուրի՝ «Կորդոբայի» դեմ խաղում հայ հարձակվողը փոխարինման դուրս եկավ 57-րդ րոպեին, իսկ ընդամենը տասը րոպե անց խփեց իր առաջին գոլը նոր թիմի կազմում։ 67-րդ րոպեին Ռանոսը հավասարեցրեց հաշիվը՝ 2:2։
Սակայն «Տեներիֆեին» չհաջողվեց պահպանել ոչ-ոքին։ 77-րդ րոպեին Իսմա Ռուիսը խփեց «Կորդոբայի» երրորդ գոլը և տանտերերին հաղթանակ պարգևեց՝ 3:2։
Ռանոսի համար այս հանդիպումը նորամուտն էր «Տեներիֆեի» կազմում։ Վնասվածքի պատճառով հարձակվողը բաց էր թողել առաջնության նախորդ յոթ տուրերը։ Իր խաղի համար հայ ֆուտբոլիստը Sofascore-ից ստացել է 7,5 գնահատական։
Հատկանշական է, որ «Կորդոբա» — «Տեներիֆե» հանդիպումն անցկացվում էր գրեթե զուգահեռ Ազգերի լիգայի Չեռնոգորիա — Հայաստան խաղին, որն ավարտվեց 0:0 հաշվով։
Հայաստանի հավաքականն այս միջազգային պատուհանի ընթացքում բախվել է լուրջ կադրային խնդիրների, այդ թվում՝ հարձակման գծում։ Ռանոսը նույնպես վնասվածքի պատճառով չէր միացել ազգային թիմին, սակայն հասցրեց ապաքինվել արդեն միջազգային դադարի ընթացքում և անմիջապես աչքի ընկավ ակումբի կազմում։
Նախօրեին Իսպանիայում խաղադաշտ էր դուրս եկել նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Էդգար Սևիկյանը, որը հանդես է գալիս «Սեուտայի» կազմում։ Կիսապաշտպանը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում։
Սևիկյանը գտնվում էր ազգային հավաքականի ճամբարում և մասնակցել էր Կիպրոսի դեմ խաղին, սակայն մրցաշարում ստացավ իր երկրորդ դեղին քարտը և որակազրկվեց Չեռնոգորիայի դեմ հանդիպման համար։ Դրանից հետո ֆուտբոլիստը ժամանակից շուտ վերադարձավ ակումբ և կարողացավ մասնակցել Իսպանիայի առաջնության հերթական հանդիպմանը։