Հայաստանը չպարտվեց խմբի առաջատարին՝ 0:0 Չեռնոգորիայի հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի չորրորդ տուրի խաղում։ Պոդգորիցայում կայացած հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։
Չորս տուրից հետո Եղիշե Մելիքյանի թիմը վաստակել է 4 միավոր և C2 խմբում զբաղեցնում է երրորդ տեղը։ Չեռնոգորիան շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ունենալով 10 միավոր, իսկ Կիպրոսը 7 միավորով երկրորդն է։
Հանդիպումը փակ ու հավասար պայքարում անցավ։ Երկու թիմերն էլ կարճ ժամանակահատվածում անցկացնում էին իրենց չորրորդ հանդիպումը, ինչը նկատելիորեն ազդեց խաղի տեմպի և վտանգավոր պահերի քանակի վրա։
Չեռնոգորիան կատարեց 8 հարված, Հայաստանը՝ 9։ Սպասվող գոլերի ցուցանիշով ևս տանտերերը փոքր առավելություն ունեին՝ 0.54 xG՝ 0.20-ի դիմաց։
Մելիքյանի նոր սխեման և կենտրոնում խտության վրա շեշտադրումը
Հայաստանի հավաքականը հանդիպումը սկսեց առանց Էդուարդ Սպերցյանի և փաստացի խաղում էր 4-4-2 սխեմայով՝ երկու հարձակվողներով՝ Արթուր Միրանյանով և Գոռ Մանվելյանով։
Այս դասավորությունն օգնում էր Հայաստանի հավաքականին զսպել մրցակցի առաջխաղացումը կենտրոնով։ Միրանյանն ու Մանվելյանը ակտիվ մասնակցում էին պրեսինգին, իսկ թիմը պահպանում էր գծերի միջև կոմպակտությունը։
Միևնույն ժամանակ, հարձակման գծում Հայաստանը խնդիրներ ուներ. Չեռնոգորիայի դարպասի մոտ իսկապես վտանգավոր պահերը քիչ էին։
Սպերցյանը ընդմիջումից հետո աշխուժացրեց խաղը
Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով պատրաստ չէր խաղը սկսել մեկնարկային կազմում և 56-րդ րոպեին փոխարինեց Մանվելյանին։
Հայաստանի հավաքականի ավագը անմիջապես ակտիվություն ավելացրեց հարձակման գծում։ Խաղադաշտ դուրս գալուց կարճ ժամանակ անց Սպերցյանը վտանգավոր տուգանային հարված վաստակեց, իսկ Չեռնոգորիայի ֆուտբոլիստը դեղին քարտ ստացավ։
Սակայն տանտերերը արագ վերադասավորվեցին և հետագայում կարողացան սահմանափակել հայ կիսապաշտպանի ազդեցությունը խաղի վրա։
Առողջական խնդիրների պատճառով սահմանափակ խաղաժամանակ ստացավ նաև Արթուր Գարիբյանը։ Հարձակվողը, որը Կիպրոսի դեմ նախորդ հանդիպումը բաց էր թողել նախավարժանքի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով, խաղադաշտ դուրս եկավ միայն վերջին րոպեներին։
87-րդ րոպեին Չեռնոգորիան մնաց տասը ֆուտբոլիստով՝ Ստեֆան Լոնչարի հեռացումից հետո, սակայն Հայաստանի հավաքականը չհասցրեց օգտվել թվային առավելությունից։
Հայաստանը կշարունակի պայքարը Կիպրոսի հետ
Չորս տուրից հետո C2 խմբի մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի.
1. Չեռնոգորիա — 10 միավոր
2. Կիպրոս — 7 միավոր
3. Հայաստան — 4 միավոր
Այսպիսով, վերջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը կշարունակի պայքարը Կիպրոսի հետ երկրորդ տեղի համար։
Նոյեմբերին Եղիշե Մելիքյանի թիմը Երևանում կընդունի Կիպրոսին, իսկ դրանից հետո խմբային փուլը կավարտի Ռիգայում՝ Լատվիայի դեմ արտագնա խաղով։
Թիմերի կազմերը
Հայաստան: Բեգլարյան — Պիլոյան, Սիմոնյան (Պետրոսյան, 74), Հարությունյան, Տիկնիզյան (Ա) — Իվու, Կ. Հովհաննիսյան — Սերոբյան, Ն. Հովհաննիսյան (Գարիբյան, 88) — Մանվելյան (Սպերցյան, 56), Միրանյան (Էլոյան, 74)։
Չեռնոգորիա: Պոպովիչ — Ռոգանովիչ (Վեշովիչ, 62), Սավիչ, Ջուրիչ, Գաշևիչ — Յանկովիչ (Լոնչար, 62), Աջիչ, Բուլատովիչ (Սիմուն, 79) — Ջուկանովիչ (Յովետիչ, 46), Կրստովիչ, Օսմայիչ (Վուկանիչ, 88)։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանում Չեռնոգորիան 3:2 հաշվով հաղթել էր Հայաստանին՝ հաղթական գոլը խփելով 89-րդ րոպեին։
Հետաքրքիր է, որ նույն օրը Պոդգորիցայում հանդիպեցին նաև երկու երկրների երիտասարդական հավաքականները։ Չեռնոգորիա U21 — Հայաստան U21 հանդիպումը ևս ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1։
Այսօր Հայաստանի հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը ևս ապաքինվեց վնասվածքից և խփեց իր առաջին գոլը «Տեներիֆեի» կազմում Իսպանիայի Սեգունդայում։ Սպասվում է, որ նա կկարողանա օգնել ազգային հավաքականին նոյեմբերյան հանդիպումներում։