Հայաստանը պարտվեց Կիպրոսին Ազգերի լիգայում և նահանջեց խմբի երրորդ հորիզոնական
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականը պարտություն կրեց Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի երրորդ տուրում։ Նիկոսիայում Եղիշե Մելիքյանի թիմը 0:2 հաշվով զիջեց Կիպրոսի հավաքականին։
Տանտերերը հանդիպման ելքը մեծապես վճռեցին դեռ առաջին խաղակեսում։ 19-րդ րոպեին Կոնոմիսը բացեց հաշիվը, իսկ 31-րդ րոպեին Կակուլիսը կրկնապատկեց կիպրացիների առավելությունը։
Ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականի համար իրավիճակը բարենպաստ դարձավ․ 52-րդ րոպեին Կոստաս Պիլեասը կարմիր քարտ ստացավ, և Կիպրոսը մնաց տասը հոգով։ Հայաստանի հավաքականը երկրորդ խաղակեսի մնացած հատվածի մեծ մասն անցկացրեց գրոհելով և ճնշում գործադրելով մրցակցի վրա, սակայն Ֆաբիանոյի դարպասի մոտ բավականաչափ իրական վտանգավոր պահեր ստեղծել չհաջողվեց։
Իրավիճակը բարդացրին նաև կադրային խնդիրները։ Արտյոմ Բանդիկյանը վնասվածք ստացավ հանդիպման ընթացքում, իսկ Արթուր Գարիբյանը վնասվածք էր ստացել դեռ նախավարժանքի ժամանակ և չկարողացավ մասնակցել խաղին։
Արդյունքում Արթուր Միրանյանի փոխարինումից հետո Հայաստանի հավաքականը փաստացի մնաց առանց անվանական կենտրոնական հարձակվողի։ Հարձակման սուր ծայրում հերթով խաղացին Գոռ Մանվելյանը, Նարեկ Հովհաննիսյանը և նույնիսկ պաշտպան Գեորգի Հարությունյանը։ Չնայած թվային առավելությանը և հաշիվը հավասարեցնելու անհրաժեշտությանը՝ մարզչական շտաբը գրեթե չուներ հարձակման գիծը ուժեղացնելու հնարավորություն։
Բացի այդ, Էդգար Սևիկյանը դեղին քարտ ստացավ և որակազրկման պատճառով բաց կթողնի Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը։
Կազմերը
Հայաստան (5-2-3)․ Բեգլարյան — Բանդիկյան (52, Տերտերյան), Սիմոնյան (63, Իվու), Պիլոյան, Հարությունյան, Տիկնիզյան — Կ. Հովհաննիսյան, Սպերցյան — Սևիկյան (46, Գրիգորյան), Մանվելյան (78, Ն. Հովհաննիսյան) — Միրանյան (63, Նալբանդյան)։
Կիպրոս (4-4-2)․ Ֆաբիանո — Կոնոմիս, Կիպրիանու, Պանայոտու, Պիլեաս — Լոյզու (68, Ցիոնիս), Կաստանոս (84, Արտիմատաս), Անդրեու, Էդվարդս (68, Նեոֆիտու) — Կակուլիս (54, Մալեկկիդիս), Պիտտաս (84, Գեորգիու)։
C2 խմբի մյուս խաղում Չեռնոգորիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Լատվիային և երեք տուրից հետո ունի առավելագույնը՝ ինը միավոր։
C2 խմբի մրցաշարային աղյուսակը երեք տուրից հետո
-
Չեռնոգորիա — 9 միավոր
-
Կիպրոս — 4
-
Հայաստան — 3
-
Լատվիա — 1
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 5-ին Պոդգորիցայում՝ Չեռնոգորիայի դեմ։