Ֆրանկ Կեսյեն հեռացավ «Ալ-Ահլիից». նրա տեղը կարող է զբաղեցնել Էդուարդ Սպերցյանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆրանկ Կեսյեն պաշտոնապես հեռացավ սաուդյան «Ալ-Ահլիից» ազատ գործակալի կարգավիճակով։ Կոտ դ’Իվուարի հավաքականի ավագի հեռանալուց հետո Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթողի կիսապաշտպանության կենտրոնում տեղ է ազատվել, որը կարող է զբաղեցնել Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը։
Կեսյեն «Ալ-Ահլիում» հանդես էր գալիս «Բարսելոնայից» հեռանալուց հետո և թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն էր։ Սաուդյան ակումբի կազմում իվուարցի կիսապաշտպանը դարձավ Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող, սակայն այժմ մտադիր է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ։
Կեսյեի կարիերայի շարունակության հնարավոր տարբերակներից մեկը համարվում է «Յուվենտուսը»։ Ավելի վաղ ֆուտբոլիստը խոստովանել էր, որ տեղյակ է թուրինյան ակումբի շուրջ շրջանառվող լուրերին և իրեն համարում է ուժեղ տարբերակ եվրոպական թիմերի համար՝ հատկապես ազատ գործակալի կարգավիճակում գտնվելու պայմաններում։
Կեսյեի հեռանալու ֆոնին «Ալ-Ահլին» պատրաստվում է թարմացնել միջին գիծը։ Իվուարցու տեղը զբաղեցնելու գլխավոր թեկնածուն Էդուարդ Սպերցյանն է՝ «Կրասնոդարի» առաջատարն ու Հայաստանի հավաքականի ավագը։
Սպերցյանի համար «Ալ-Ահլի» տեղափոխությունը կարող է դառնալ կարիերայի ամենախոշոր տրանսֆերը։ Սաուդյան ակումբը Ասիայի ուժեղագույն թիմերից մեկն է և շարունակում է ուժեղացնել կազմը մայրցամաքի գլխավոր ակումբային մրցաշարում հաղթելուց հետո։
Սպերցյանը վերջին մրցաշրջանների ընթացքում շարունակում է մնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Հայ կիսապաշտպանը հայտնի է հզոր հարվածով, որակյալ վերջին փոխանցումով և հարձակողական փուլում խաղը կազմակերպելու ունակությամբ։ «Ալ-Ահլիում» նա կարող է կարևոր դեր ստանալ կիսապաշտպանությունում՝ Կեսյեի հեռանալուց հետո։