Ֆինն Գերագուսյանը շարունակում է զարմացնել. երկու գոլային փոխանցում «Հադերսֆիլդ U21»-ի դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը կրկին ցուցադրեց իր վարպետությունը «Սանդերլենդ U21»-ի կազմում: 17-ամյա հարձակվողը երկու գոլային փոխանցում կատարեց Պրեմիեր լիգայի գավաթի մինչև 21 տարեկանների խաղում «Հադերսֆիլդ U21»-ի դեմ: Խաղի վերջնական հաշիվը՝ 7:0 «Սև կատուների» օգտին։
«Հադերսֆիլդ U21»-ի դեմ խաղում Գերագուսյանը ոչ միայն կատարեց երկու գոլային փոխանցում, այլև մասնակցեց ևս մեկ գոլային դրվագի: Նրա նուրբ փոխանցումը կրունկով հնարավորություն տվեց թիմակից Աբդուլահիին հարվածել դարպասին. գնդակը նախ դիպավ դարպասաձողին, բայց հետո հարձակվողը այն ուղարկեց դարպասը։
Ֆինն Գերագուսյանի ներկայիս մարզավիճակը վկայում է նրա մեծ ներուժի մասին։ Եթե նա այս տեմպերով շարունակի զարգանալ, ապա շուտով կարող ենք տեսնել նրա նորամուտը «Սանդերլենդի» հիմնական կազմում։
Վերջին ութ օրվա ընթացքում Գերագուսյանը անցկացրել է չորս հանդիպում՝ մեկը U18 թիմի կազմում և երեքը U21 թիմի կազմում։ Այս խաղերում նա խփել է 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում՝ ցուցադրելով բարձր արդյունավետություն։ Ֆուտբոլիստի հիանալի մարզավիճակը արդեն գրավել է ոչ միայն հայ, այլև անգլիացի երկրպագուների ուշադրությունը։
«Սանդերլենդի» երկրպագուները ակտիվորեն քննարկում են Գերագուսյանի խաղերը՝ ընդգծելով նրա տեխնիկան և ինքնավստահությունը դաշտում, չնայած նրա բարձր հասակին (193 սմ)։ Ակումբի երկրպագուների ֆորումում արդեն ստեղծվել է առանձին թեմա, որը նվիրված է հայ հարձակվողին։ Շատերը կարծում են, որ Ֆիննը մեծ ապագա ունի պրոֆեսիոնալ ֆուտբոլում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0