Դմիտրի Սելյուկը նշանակվել է «Փյունիկի» գլխավոր տնօրենի խորհրդական
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը նշանակվել է «Փյունիկի» գլխավոր տնօրենի՝ սպորտային հարցերով խորհրդական։ Այս մասին հայտնել է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Սելյուկը ֆուտբոլային ոլորտում աշխատում է ավելի քան 20 տարի և հայտնի է բազմաթիվ ֆուտբոլիստների, այդ թվում՝ աֆրիկացի խաղացողների հետ համագործակցությամբ։ Նրա ամենահայտնի հաճախորդը համարվում է «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն։
Տարբեր տարիներին Սելյուկը նաև մասնակցել է Լասինա Տրաորեի, Արաս Օզբիլիզի և այլ ֆուտբոլիստների կարիերայի զարգացմանը։
Գործակալի համար սա «Փյունիկի» հետ համագործակցության առաջին փորձը չէ։ Ավելի վաղ նրա մասնակցությամբ երևանյան ակումբ էին տեղափոխվել աֆրիկացի լեգեոներներ Դրամանե Սալուն և Մոհամեդ Կոնատեն։ Բացի այդ, Սելյուկն օգնել է «Փյունիկի» սան Էրիկ Վարդանյանին կարիերան շարունակել ռուսական «Սոչիում»։
Նոր պաշտոնում Սելյուկը «Փյունիկի» ղեկավարությանը խորհրդատվություն է տրամադրելու սպորտային հարցերի շուրջ։ Ակումբում ակնկալում են օգտագործել նրա միջազգային կապերն ու փորձը թիմի կազմավորման, տրանսֆերային շուկայում աշխատանքի և արտասահմանյան ակումբների հետ համագործակցության զարգացման հարցերում։
Ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկը» շարունակում է ելույթները Հայաստանի առաջնությունում։