Տերտերյան եղբայրները հաղթանակներ տարան Կալիֆոռնիայում կայացած իրենց առաջին համատեղ մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երկվորյակ եղբայրներ Նիկոլայ և Սեբաստիան Տերտերյանները հաջող ելույթ ունեցան պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում, որը կայացավ օգոստոսի 22-ին Կալիֆոռնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում։ Պրոֆեսիոնալ կարիերայում առաջին անգամ եղբայրները ռինգ դուրս եկան նույն մրցաշարի շրջանակում։
Նիկոլայ Տերտերյանը (4-0) վաղաժամ հաղթանակ տարավ Քրիստիան Պերես Էրնանդեսի (12-6-1) նկատմամբ։ Մենամարտն ավարտվեց արդեն առաջին ռաունդում․ Տերտերյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին և պահպանեց իր անթերի ռեկորդը պրոֆեսիոնալ ռինգում։
Սեբաստիան Տերտերյանը (2-0) չորս ռաունդանոց մենամարտ անցկացրեց Խոսիաս Գոնսալեսի (2-8-2) դեմ և վստահ հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ։ Բոլոր երեք մրցավարները հաղթանակը շնորհեցին նրան՝ 40-36 հաշվով։
Այս երեկոն առանձնահատուկ դարձավ եղբայրների համար․ Նիկոլայն ու Սեբաստիանն առաջին անգամ մասնակցեցին նույն պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարին։
Տերտերյան եղբայրների պրոֆեսիոնալ կարիերաները վարում է Օսկար Դե Լա Հոյայի Golden Boy Promotions պրոմոութերական ընկերությունը, որտեղ բարձր են գնահատում երկու բռնցքամարտիկների հեռանկարները։
Մինչ պրոֆեսիոնալ բռնցքամարտ տեղափոխվելը Նիկոլայը և Սեբաստիանը սիրողական բռնցքամարտում ներկայացնում էին Դանիայի հավաքականը։ Նիկոլայ Տերտերյանը նաև մասնակցել է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերին։
Պրոֆեսիոնալ կարիերան սկսելուց հետո Տերտերյան եղբայրները որոշել են հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։ Այս պահին երկուսն էլ շարունակում են անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում․ Նիկոլայի ռեկորդը 4-0 է, իսկ Սեբաստիանինը՝ 2-0։