Հայկական դերբի Սան Պաուլոյում. Ավանեսյանն ու Չարաևան կխաղան քառորդ եզրափակիչի ուղեգրի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ Էլինա Ավանեսյանն ու Ալինա Չարաևան, դուրս են եկել Սան Պաուլոյի հարդ ծածկույթով կորտերում անցկացվող WTA 250 կարգի մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Այսօր Ալինա Չարաևան (WTA 133) ավարտեց առաջին շրջանի՝ անձրևի պատճառով ավելի վաղ ընդհատված հանդիպումը Չինաստանի ներկայացուցիչ Յու Սյաոդիի (WTA 207) դեմ։ Հայ թենիսիստուհին կամային հաղթանակ տարավ երեք սեթում՝ 3:6, 7:6 (7:5), 6:3 հաշվով։
Հատկապես լարված ստացվեց երկրորդ սեթի վերջնամասը։ 5:6 հաշվի ժամանակ Չարաևան ընդունում էր մրցակցուհու մատուցումը, իսկ Յու Սյաոդին մատուցում էր հանդիպումը հաղթանակով ավարտելու համար։ Ալինան կարողացավ բրեյք կատարել, սեթը տեղափոխել թայ-բրեյք և հաղթել այն 7:5 հաշվով։
Անձրևի պատճառով հերթական դադարից հետո թենիսիստուհիները շարունակեցին հանդիպումը։ Վճռորոշ երրորդ սեթում Չարաևան առավելության հասավ՝ 6:3, և նվաճեց հաջորդ փուլ դուրս գալու ուղեգիրը։
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Էլինա Ավանեսյանը (WTA 155), հաջողությամբ մեկնարկել էր Բրազիլիայում անցկացվող մրցաշարում։ 1/16 եզրափակիչում նա երկու սեթում հաղթել էր արգենտինացի Խուլիա Ռիերային (WTA 144)՝ 6:2, 6:4 հաշվով։
Այժմ 1/8 եզրափակիչում Ավանեսյանն ու Չարաևան կմրցեն միմյանց դեմ։ Հայկական դիմակայության հաղթողը դուրս կգա Սան Պաուլոյի WTA 250 մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Այսպիսով, Հայաստանը մրցաշարի 1/4 եզրափակիչում երաշխավորված կունենա առնվազն մեկ ներկայացուցիչ։