SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայ բասկետբոլիստ Յուրա Մելիքյանն ընտրվել է NBA G League-ի դրաֆթում


Հայ բասկետբոլիստ Յուրա Մելիքյանն ընտրվել է NBA G League-ի դրաֆթում
Բասկետբոլ

Հայաստանի հավաքականի 20-ամյա կենտրոնական Յուրա Մելիքյանը պաշտոնապես ընտրվել է NBA G League-ի 2026 թվականի միջազգային դրաֆթում։ Հայ բասկետբոլիստին 16-րդ համարի տակ՝ ընդհանուր 20 ընտրվածների թվում, ընտրել է Rio Grande Valley Vipers թիմը՝ NBA-ի Houston Rockets ակումբի ֆարմ-թիմը։

Սա կարևոր փուլ է Մելիքյանի կարիերայում և վերջին տարիների ընթացքում հայկական բասկետբոլի ամենանշանակալի միջազգային քայլերից մեկը։ Rio Grande Valley Vipers-ը NBA G League-ի ամենատիտղոսակիր թիմերից մեկն է․ ակումբը չորս անգամ դարձել է լիգայի չեմպիոն՝ 2010, 2013, 2019 և 2022 թվականներին։

Ի՞նչ է նշանակում Մելիքյանի ընտրությունը NBA G League-ի դրաֆթում

NBA G League-ի միջազգային դրաֆթում ընտրվելը չի նշանակում ավտոմատ պայմանագիր Houston Rockets-ի հետ կամ երաշխավորված տեղափոխություն NBA։ Սակայն դա Մելիքյանին իրական հնարավորություն է տալիս հայտնվելու ամերիկյան զարգացման համակարգում, հնարավորություն ստանալ հանդես գալու G League-ում և ավելի մոտ լինելու NBA ակումբների սկաուտներին, մարզիչներին ու ղեկավարներին։

Յուրայի համար սա կարող է դառնալ կարիերայի ամենակարևոր փուլերից մեկը։ G League-ը NBA-ի զարգացման հիմնական լիգան է, որտեղ երիտասարդ խաղացողները ստանում են խաղային պրակտիկա, հարմարվում են ամերիկյան բասկետբոլին և մշտապես գտնվում են լիգայի ակումբների ուշադրության կենտրոնում։

Հաջող զարգացման դեպքում Մելիքյանը կարող է այս հնարավորությունն օգտագործել որպես կարիերայի առաջընթացի ցատկահարթակ՝ Rio Grande Valley Vipers-ի կազմում ամրապնդվելուց մինչև NBA համակարգում ավելի բարձր կարգավիճակի համար պայքար։

Այնուամենայնիվ, այս փուլում դեռ երաշխիք չկա, որ Յուրա Մելիքյանը պարտադիր հանդես կգա NBA G League-ում։ Rio Grande Valley Vipers-ն այս պահին միայն ունի նրան պայմանագիր առաջարկելու իրավունք, իսկ մինչ այդ Տեխասի թիմը կարող է հայ բասկետբոլիստին դիտարկել նաև ամառային լիգաներում։

Yura Melikyan draft NBA G League

Յուրա Մելիքյանը կշարունակի զարգանալ Houston Rockets-ի համակարգում

Մելիքյանը 20 տարեկան է, իսկ 2026 թվականի հոկտեմբերին կդառնա 21 տարեկան։ Բասկետբոլիստի հասակը 200 սմ է։ Յուրայի հիմնական դիրքը կենտրոնականն է, սակայն նա կարող է նաև խաղալ ծանր հարձակվողի դիրքում։

Մելիքյանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Հայաստանում, սակայն վերջին երկու տարիներին հանդես է գալիս արտերկրում։ 2025/26 մրցաշրջանը նա սկսել է Լատվիայի առաջնությունում՝ Latvijas Universitate-ի կազմում, որտեղ անցկացրել է 12 հանդիպում։ Միջինում մեկ խաղում հայ կենտրոնականը վաստակում էր 8,2 միավոր և կատարում 7,8 անդրադարձ՝ խաղադաշտում անցկացնելով 23,9 րոպե։

Մրցաշրջանի երկրորդ հատվածը Մելիքյանն անցկացրել է Շվեյցարիայի առաջնությունում՝ Starwings-ի կազմում։ Այնտեղ նա մասնակցել է 16 հանդիպման՝ միջինում վաստակելով 11,2 միավոր և կատարելով 6,6 անդրադարձ՝ 21,2 րոպեում։

Ուժեղ խաղեր Հայաստանի հավաքականի կազմում

Մելիքյանը հատկապես վառ է դրսևորվել Հայաստանի հավաքականի կազմում՝ Եվրոբասկետ-2029-ի նախաորակավորման փուլում։ Չորս խաղում նա միջինում վաստակել է 11 միավոր, կատարել 11,5 անդրադարձ և 1,5 բլոկ-շոթ։

Յուրան լավագույն հանդիպումն անցկացրել է Բուլղարիայի հավաքականի դեմ։ Չնայած Հայաստանի պարտությանը՝ 80։100 հաշվով, Մելիքյանը վաստակել է 22 միավոր՝ խաղից կատարած նետումները իրացնելով 87,5% ճշգրտությամբ։

Մելիքյանը նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի առաջատարներից էր․ 2025 թվականին Երևանում կայացած Եվրոպայի Մ20 առաջնության B դիվիզիոնի 7 խաղում նա միջինում վաստակել է 17,7 միավոր և կատարել 13,7 անդրադարձ։

Yura Melikyan

Մելիքյանը ընտրության մասին իմացել է Նորվեգիայի դեմ խաղից հետո

NBA G League-ի միջազգային դրաֆթում ընտրվելու մասին Յուրա Մելիքյանն իմացել է Հայաստանի հավաքականի՝ Նորվեգիայի դեմ եզրափակիչ խաղից անմիջապես հետո։ Հանդիպումը կայացել է հուլիսի 2-ին և ավարտվել 103։116 հաշվով։

Ականատեսների խոսքով՝ նորությունը նրան հայտնել են թիմակիցները արդեն գիշերը՝ մոտ ժամը մեկին։ Բասկետբոլիստի համար դա անակնկալ է եղել․ Մելիքյանը շոկի մեջ էր այն նորությունից, որը կարող է շրջադարձային պահ դառնալ նրա կարիերայում։

Այժմ հայ կենտրոնականը հնարավորություն է ստանում դրսևորելու իրեն NBA G League-ի համակարգում և շարունակելու զարգացումը Rio Grande Valley Vipers-ի կազմում՝ Houston Rockets-ի պահեստային թիմում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։