Հայ բռնցքամարտիկները երեք ոսկե մեդալ են նվաճել Կաունասում անցկացված միջազգային մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ բռնցքամարտիկները հաջող են հանդես եկել Լիտվայի Կաունաս քաղաքում կայացած Ալգիրդաս Շոցիկասի անվան միջազգային մրցաշարում։ 13 երկրի մարզիկների մասնակցությամբ պայքարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են երեք ոսկե մեդալ։
Մրցաշարի հաղթողներ են դարձել Ռուսլան Ասլիկյանը՝ 55 կգ քաշային կարգում, Արթուր Մկրտչյանը՝ 65 կգ քաշային կարգում, և Դավիթ Սիմոնյանը՝ 90 կգ քաշային կարգում։
Հատկապես տպավորիչ է եղել Դավիթ Սիմոնյանի ելույթը։ 2023 թվականի Եվրոպայի երիտասարդների չեմպիոնը ոչ միայն նվաճել է ոսկե մեդալ, այլև ճանաչվել է մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ։ Եզրափակչում Սիմոնյանը առավելության է հասել շոտլանդացի Ռոբերտ Մքնուլթիի նկատմամբ։
Ռուսլան Ասլիկյանը նույնպես եզրափակչում հանդիպել է շոտլանդացի բռնցքամարտիկի։ Հայ մարզիկը մենամարտի ընթացքում ունեցել է մեծ առավելություն և երկու անգամ մրցակցին ուղարկել է նոկդաունի՝ վստահորեն հասնելով հաղթանակի։
Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճել է Արթուր Մկրտչյանը։ 65 կգ քաշային կարգի եզրափակչում նա մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Շվեյցարիան ներկայացնող Մագդի Աբու Աբդոյին։
Այսպիսով, հայ բռնցքամարտիկները Կաունասի միջազգային մրցաշարն ավարտել են երեք ոսկե մեդալով, իսկ Դավիթ Սիմոնյանն արժանացել է նաև մրցաշարի լավագույն բռնցքամարտիկի կոչմանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0