«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց «Վոյվոդինայի» հետ Հունգարիայում անցկացրած վերջին ընկերական խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիան» Հունգարիայում անցկացրած ուսումնամարզական հավաքը եզրափակեց Սերբիայի փոխչեմպիոն «Վոյվոդինայի» դեմ ընկերական խաղով։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Հայկական թիմը հաշիվը բացեց երկրորդ խաղակեսի սկզբում․ 48-րդ րոպեին աչքի ընկավ Արթուր Սերոբյանը։
«Արարատ-Արմենիան» մոտ էր հաղթանակին, սակայն սերբական ակումբը կարողացավ հավասարեցնել հաշիվն արդեն ավելացված ժամանակում։ «Վոյվոդինան» պատասխան գոլը խփեց 93-րդ րոպեին։
Նշենք, որ սերբական թիմի մեկնարկային կազմում խաղում էր «Նոայի» նախկին հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը։
«Արարատ-Արմենիայի» համար այս հանդիպումը վերջինն էր Հունգարիայում անցկացրած հավաքի ընթացքում։ Արդեն հուլիսի 7-ին թիմը կանցկացնի նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումը․ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոնը կխաղա լատվիական «Ռիգայի» դեմ։