«Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիան» հաջող մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման փուլում։ Առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց լատվիական «Ռիգային»։
Հայկական թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Ուգո Օլիվեյրան և թիմի նորեկ Կառլոս Ֆրանսան։
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը ընտրել էր 4-3-3 մարտավարական սխեման։ Անսպասելի որոշումներից մեկը Ուգո Օլիվեյրայի հայտնվելն էր կիսապաշտպանության կենտրոնում, թեև նա սովորաբար հանդես է գալիս պաշտպանության եզրում։ Պորտուգալացին հիանալի կատարեց իր նոր դերը և հենց նա էլ երկրորդ խաղակեսում բացեց հանդիպման հաշիվը։
Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում և ավարտվեց առանց գոլերի։ Ընդմիջումից հետո «Արարատ-Արմենիան» ավելացրեց արագությունը, սկսեց ավելի ակտիվ պրեսինգի դիմել, ավելի լավ շարժվել առանց գնդակի և հաճախ ճնշում գործադրել մրցակցի դարպասի մոտ։ Դա բերեց անկյունայինների շարքի, որոնցից մեկը 63-րդ րոպեին ավարտվեց գոլով․ փոխանցումից և տուգանային հրապարակում պայքարից հետո Ուգո Օլիվեյրան գրավեց «Ռիգայի» դարպասը։
Հանդիպման առանցքային դրվագը տեղի ունեցավ 72-րդ րոպեին։ «Արարատ-Արմենիայի» պաշտպանի հեռացումից հետո գնդակը թռավ դեպի լատվիական թիմի դարպասը, իսկ «Ռիգայի» դարպասապահ Ֆրենկս Օրոլսը սխալ հաշվարկեց ելքը և տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղաց։ Մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց դարպասապահին, և հյուրերը մնացին տասը ֆուտբոլիստով։
Թվային առավելություն ստանալուց հետո «Արարատ-Արմենիան» շարունակեց ճնշումը և խաղավերջում խփեց երկրորդ գոլը։ Թիմի նորեկ Կառլոս Ֆրանսան Էդգար Գրիգորյանի փոխանցումից հետո տեխնիկապես ավարտեց գրոհը և ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 2:0։
Այս հաղթանակը «Արարատ-Արմենիային» զգալի առավելություն է տալիս պատասխան հանդիպումից առաջ, որը կկայանա հուլիսի 14-ին Ռիգայում։ Այս զույգի հաղթողը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Մալթայի «Ֆլորիանա» — Իռլանդիայի «Շեմրոկ Ռովերս» դիմակայության հաղթողի հետ։
Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ
Առաջին հանդիպում
«Արարատ-Արմենիա» — «Ռիգա» — 2:0
Գոլեր՝ Ուգո Օլիվեյրա, 63, Կառլոս Ֆրանսա, 86։
Հեռացում՝ Ֆրենկս Օրոլս, 72։
«Արարատ-Արմենիայի» կազմը
Մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկան երկու նորեկ և Սանդրո Լիման, իսկ փոխարինման դուրս գալով՝ իրենց նորամուտը նշեցին Կառլոս Ֆրանսան և Բրունու Ուիլսոնը։
Ժոաո Բրավիմ — Կամո Հովհաննիսյան, Ժունիոր Բուենո, Ալեքսանդրու Մալիս, 44՝ Բրունու Ուիլսոն, Էդգար Գրիգորյան — Ուգո Օլիվեյրա, Ալվին Տերա, Կարեն Մուրադյան — Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան, Սանդրո Լիմա։