«Արարատ-Արմենիան» մրցաշրջանի առաջին պարտությունը հասցրեց «Նոային»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիան» Հայաստանի առաջնության 11-րդ տուրում 2:1 հաշվով հաղթեց «Նոային»։ Մրցաշարի առաջատարը կրեց մրցաշրջանի առաջին պարտությունը, իսկ «Արարատ-Արմենիան» բարձրացավ երկրորդ հորիզոնական՝ միավորների տարբերությունը կրճատելով մինչև երկուսը։
Հաշիվը բացեց Սանդրո Լիման արդեն 9-րդ րոպեին՝ օգտվելով Բրունո Պերեյրայի փոխանցումից։ 22-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» կրկնապատկեց առավելությունը․ Ժիրայր Շաղոյանի հարվածից հետո գնդակը, դիպչելով Արամ Խամոյանին, հայտնվեց դարպասում։
Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, սակայն «Արարատ-Արմենիան» ավելի արդյունավետ օգտագործեց իր հնարավորությունները և ընդմիջման գնաց երկու գնդակի առավելությամբ։
Երկրորդ խաղակեսում «Նոան» ավելի հաճախ էր տիրում գնդակին և վտանգավոր գրոհներ կազմակերպում։ 81-րդ րոպեին Մարկո Լազետիչը կրճատեց հաշվի տարբերությունը՝ վերականգնելով հանդիպման ինտրիգը։ Հարձակվողը կարող էր դուբլի հեղինակ դառնալ, սակայն նրա ևս մեկ գոլը չեղարկվեց VAR-ի ստուգումից հետո՝ խաղից դուրս վիճակի պատճառով։
«Արարատ-Արմենիան» պահպանեց հաղթական հաշիվը և վաստակեց 26 միավոր։ «Նոան», չնայած պարտությանը, 28 միավորով պահպանեց առաջին տեղը։
Միևնույն ժամանակ, տուրի գլխավոր հանդիպումներից մեկի դիտմանը խանգարում էին YouTube-ի հեռարձակման խնդիրները։ Մշտական տեխնիկական խափանումներն ու պատկերի սառեցումները թույլ չէին տալիս երկրպագուներին լիարժեք հետևել խաղի ընթացքին։